Դամասկոսը գրավվեց, Ասադը հեռացավ Սիրիայից, Էրդողանը հաղթեց

  • 10:38 08.12.2024

Մինչ աշխարհի առաջնորդները բացում էին Փարիզի Աստվածամոր տաճարը, որը վերականգնվել էր 2019 թվականին հրդեհից հետո, Թուրքիան գրավեց Սիրիան:

Թուրքամետ ուժերը «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման գլխավորությամբ մտել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, հայտնում են լրատվական գործակալությունները կիրակի լույս 8-ի գիշերը։ Ապստամբների կոալիցիան սոցցանցերում հայտնել է, որ «բռնակալը փախել է», և երկրի մայրաքաղաքն ազատագրվել է։

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Դամասկոսից հեռացել է «անհայտ ուղղությամբ», Reuters-ին հայտնել են նաև սիրիական բանակի երկու բարձրաստիճան սպաներ: Ասադը մեկնել է Դամասկոսի միջազգային օդանավակայանից։

Սիրիայի վարչապետ Ալ-Ջալիլին Facebook-ում հրապարակված տեսանյութում ասել է, որ պատրաստ է կառավարական լիազորությունները փոխանցել Սիրիայի ժողովրդի կողմից հավանության արժանացած ցանկացած ղեկավարության։

Սիրիական բանակի հրամանատարությունը սպաներին տեղեկացրել է, որ «նախագահ Ասադի կառավարումը ավարտվել է», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակի աղբյուրները։

Ապստամբների կոալիցիան կոչ է արել սիրիացիներին, ովքեր լքել են իրենց հայրենիքը, «վերադառնալ ազատ Սիրիա»։

Էրդողանի դուստրը գրել է.«Ասադը պարտված է, Էրդողանը հաղթեց»։