Փախստականների իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների պաշտպանության հարցը քաղաքական օրակարգի եթե ոչ թիվ մեկ, ապա գոնե ամենակարեւոր հարցերից մեկը պետք է լինի։ Այս մասին այսօր «Շիրվանի, Գարդմանի եւ Նախիջեւանի հայությունը․ տեղաբնիկությունից մինչեւ փախստականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը։
«Ամեն օր, ամեն ժամ մենք ունենում ենք հերթական արձանագրումն առ այն, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, ինչ-որ մի կետից սկսվելով, ամենեւին դադարի մտադրություն չունի։ Այն, ինչ տեղի է ունեցել Շիրվանում, Նախիջեւանում, Գարդմանում, Արցախում, այսօր շատ վերլուծություններ ցույց են տալիս, որ որպես շարունակություն ուրվագծվում է Հայաստանի Հանրապետության հանդեպ»,- ասաց նա։
Նա նշեց, որ Ադրբեջանը քաղաքական ու արհեստածին նախագիծ է, որը, 1991-1992 թվականների ընթացքում ավարտին հասցնելով իր տարածքի հայաթափման գործընթացը, հետագա երեք տասնամյակների ընթացքում ավարտին հասցրեց հաջորդ արարը՝ դա Արցախի բռնի հայաթափումն էր։ «Արցախի հայաթափումը այլ կերպ, քան որպես էթնիկ զտում եւ ցեղասպանություն որակել հնարավոր չէ։ Վերլուծություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ցանկություններում կա հաջորդ արարը, եւ այդ արարը որպես օբյեկտ ունի Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նշեց Գաբրիելյանը։