«2020 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ հերթական ագրեսիային ակտիվ դերակատարում ուներ Ռուսաստանը, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իրականում ամրագրեց Արեւելյան Հայաստանում 1918 թվականից տարված ցեղասպանության հետեւանքները։ Եռակողմ հայտարարությունը ցեղասպանության մոդել էր, նոր փուլի սցենար, որի թիրախում միայն Արցախը չէ, այլ ողջ Հայաստանն է»,- այսօր «Շիրվանի, Գարդմանի եւ Նախիջեւանի հայությունը․ տեղաբնիկությունից մինչեւ փախստականություն» խորագրով գիտաժողովում ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։
Նա նշեց, որ «ռուս խաղաղապահները» նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ փափուկ ուժի ճնշման տակ իրողություն դարձրին արցախահայության հյուծումը՝ սովամահության «կոլցո»-ով, ապա՝ Արցախի ամբողջական հայաթափումը։
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով հայությանը զրկեցին ինքնապաշտպանությունից, ռուսական ճնշման տակ կքած ու հարմարված հայկական ռազմաքաղաքական վերնախավին պարտադրեցին զորքերը դուրս բերել։ Չեղավ ընդվզում, Արցախը հայտնվեց ռուս-թուրքական ակցանում, ցեղասպանությունն անխուսափելի էր։ Սակայն գոյութենական այս վտանգը, այն, որ այսօր ավելի վտանգավոր վիճակում է Հայաստանը, կրկին ադեկվատ չի գնահատվում, չի ընկալվում պետության ու հասարակության կողմից։ Չկա կենսատարածքի վրա մնացած խմբի պաշտպանբության ռազմավարություն։
Ռուսաստանը Թուրքիայի հետ Արցախի հանդեպ ցեղասպանական ագրեսիայի զավթողական արդյունքը պարտադրանքով տարածում է ՀՀ տարածքների վրա՝ Զանգեզուրով միջանցք-ցամաքային ճանապարհ կորզելու համար։ Առաջ է մղվում նաեւ «Արեւմտյան Ադրբեջանի» պրոյեկտը։ Հայկական քաղաքական վերնախավն ադեկվատ հակադարձման ռազմավարություն մշակելու, կիրառելու փոխարեն իր հանրությանը զբաղեցնում է բառախաղային զրույցներով։
Ինչպես ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների բոլոր տիպի իրավունքների վերականգնման հարցը դուրս մնաց հայկական քաղաքական վերնախավի օրակարգից, նույն դավադիր, հակահայ ու հակապետական քաղաքականությունն է իրականացվում այսօր Արցախից փախստականների հանդեպ։ Այսօր ընթացքող խաղաղության կեղծ բանակցային ձեւաչափի հիմքում Արցախի բռնի անջատումն է Հայաստանից, ինչպես Մոսկվայի պայմանագրով ու 1921 թվականի հուլիսի 5-ի Կովկասյան բյուրոյի որոշմամբ»,- ասաց նա։
Մարիամ Ավագյանի խոսքով՝ ՀՀ շուրջ ռուս-թուրքական շանտաժի ու ահաբեկման քաղաքականությունը, Արցախի հարցի՝ ռազմական սպառնալիքի տակ արգելակումը ձեւակերպում են կենսական պահանջ՝ բանակցություններն անհապաղ վերադարձնել միջազգային միակ լեգիտիմ ձեւաչափ՝ Մինսկի խմբի ձեւաչափ։
Մինսկի խմբի նպատակն էր պատրաստել համաժողով, որտեղ կհաստատվեր Արցախի կարգավիճակը, ընդ որում, այդ կարգավիճակը պետք է հաստատեին արցախցիները՝ հանրաքվեի միջոցով, ինքնորոշման սկսզբունքով։ «Մինսկի խմբի մանդատում ոչինչ առ այսօր չի փոխվել, Մինսկի խումբն այսօր գոյություն ունի, եւ բացի Բաքվից ու Մոսկվայից, ոչ ոք չի պահանջում այն լուծարել։ Մինսկի խմբի ձեւաչափը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում պահանջում է նոր օրակարգ ու նոր կազմ։ Նոր օրակարգի առանցքը հայության դեմ իր կենսատարածքում ընթացող ցեղասպանության կասեցումն ու կանխումն է։
Իսկ Ռուսաստանը սպառել է իր բանակցային գործընթացի համանախագահի վարկանիշը ու պատասխանատվություն է կրում արցախյան կոնֆլիկտի կողմնակալ, թրքահաճո լուծման համար դեռեւս 1994 թվականի մայիսի 9-ից, երբ ՌԴ կողմից պարտադրվեց հրադադարի մասին հայտարարությունը։ Ռուսաստանն այդժամ արդեն ապահովեց 2020-2023 թվականների Արցախի Հանրապետության ու հայության դեմ ֆիզիկական բնաջնջման քաղաքականությունը։ ՀՀ-ն՝ որպես միջնորդ խմբի երրորդ կողմ, կարող է ներկայացնել Արեւելքին, օրինակ՝ Հնդկաստանին»,- նշեց Մարիամ Ավագյանը։
Նա ասաց՝ ակնհայտ է, որ ԵԱՀԿ-ն, ստեղծելով Մինսկի խումբ, հաստատել է, որ չի ճանաչում Արցախը Ադրբեջանի մաս։ Հակառակ պարագայում, ինչպես այլ կոնֆլիկտների դեպքում, Մինսկի խումբն առաջ կտաներ միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ «Բայց Մինսկի խումբը հենց սկզբից կիրառեց երկու պայման, ինչն էլ փակուղի մտցրեց Արցախի հարցը։ Մի պայմանը՝ պատմական գործոնը հաշվի չեն առնվում, երկրորդ պայմանը՝ հայ-ադրբեջանական հակամարտության սկիզբը համարում են սովետմիության փլուզումը։ Սա հնարավորություն էր թուրք-ռուսական դաշինքի համար, որ Մինսկի խմբի ներկայությամբ Արցախի խնդիրն անջատեն 1921 թվականի մարտի Մոսկվայի հանցավոր պայմանագրից ու շրջանցեն 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը՝ մեծ Արցախն Արդբեջանին նվիրելու հակաիրավական փաստը։
Մյուս կողմից, սա հնարավորություն էր՝ հանցավոր լռության մատնելու սովետմիության փլուզման նախաշեմին ընթացած ցեղասպանության մի ողջ ընթացք՝ 1988 թվականի փետրվարի 26-29-ի Սումգայիթն իր ողջ հրեշավորությամբ, 1988 թվականի «Կոլցո»-ները Շուշիի եւ Հադրութի շրջաններում, 1988 թվականի նոյեմբերի Գանձակը, Կիրովաբադը եւ Գարդմանքը, 1988 թվականի մարտից մինչեւ 1990 թվականի հունվարի 19-ը Բաքվի հայերի ջարդերը, այնուհետեւ 1991 թվականի ապրիլին Գետաշենի ենթաշրջանի «Կոլցո»-ն, 1992 թվականի ապրիլին Մարաղան, 1992 թվականի հունիսին Շահումյանի շրջանի ցեղասպանությունը։ Ցեղասպանության դրվագների այս շարքի եւ 1991-2023 թվակաների ռազմաքաղաքական դիմակայության համար հող նախապատրաստվեց 1921 թվականին Մոսկվայի պայմանագրով եւ Կովկասյան բյուրոյի հուլիսի 5-ի որոշմամբ»,- հայտարարեց Մարիամ Ավագյանը։
«Ցեղասպան թուրքը, 2020 թվականի հոկտեմբերին մխրճվելով Արցախ, ահաբեկեց հային հենց Սումգայիթով։ Սումգայիթը 20-րդ դարի վերջում թրքական ծրագրի հերթական փուլն էր, ցեղասպանության շարունակություն։ Սումգայիթը բացահայտեց սովետմիության քողարկված հակահայ քաղաքականությունն ու 1920 թվականից հայության գոյության դեմ մշակված սպառնալիքները։ Սումգայիթը տոտալ ցեղասպանության նոր սպառնալիքի մասին ահազանգ էր, ինքնապաշտպանության պահանջի ահազանգ։ Ցավոք, հայկական քաղաքական վերնախավը պարզապես չհասկացավ ու հետամուտ չեղավ, որ ցեղասպանության կանխարգելման հարցը բանակցային գործընթացում պետք է լիներ առաջնային նպատակ ու թիրախ։ Արցախյան հակամարտությունում ու հայ-թուրքական հարաբերություններում արհամարհվեց ցեղասպանության փաստը»,- հավելեց նա։