Արցախցիների եւ գերիների հարցով շոշափելի առաջընթաց չի երեւում․ ՔՊ

  • 18:10 09.12.2024

Մենք քննարկել ենք ռազմագերիների եւ ղարաբաղցի փախստականների խնդիրները ԵԽԽՎ շրջանակում։ Այնուամենայնիվ, մենք չենք կարող պահանջել ԵԽԽՎ-ից ինչ-որ մի բան մանդատից դուրս։ Այս մասին Երեւանում դեկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում ասել է պետաիրավական խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղպայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն արել է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ապահովի հայ ռազմագերիների վերադարձը, որոնք պահվում են Բաքվում։

«Այն բանաձեւերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ շրջանակում, հստակ առնչվել են հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին։ Այսինքն՝ մենք պարզապես չենք կարող պահանջել ԵԽԽՎ-ից մի ինչ-որ ավելի բան անել»,- ասել է Վարդանյանը՝ ավելացնելով, որ այս հարցի վերաբերյալ առայժմ որեւէ շոշափելի առաջընթաց չի երեւում։

Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ ղարաբաղցի փախստականների հարցում, նշել է խորհրդարանականը։