Բաքուն ասում է, «Էջմիածինն էլ է աղվանա-ուդիական, եւ Արեւմտյան Հայաստանի Սուրբ խաչը»

  • 19:00 09.12.2024

«Ադրբեջանում ուդիները հայերի հետ հավասար բռնաճնշումների են ենթարկվել, եւ այնտեղ մնացած ուդիների մեծ մասը պատանդի կարգավիճակում են։ Զարմանալի չէ, որ նրանք տարբեր ադրբեջանական շոուների են մասնակցում՝ կապված հայկական պատմամշակութային ժառանգության պատկանելության հետ։ Իհարկե, խրախուսելի չէ, քանի որ ամեն ինչ իր չափ ու սահմանը եւ գինը ունի։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանում գործընթացը՝ ուդի-աղվանական եկեղեցու վերականգնման հետ կապված, ուղղակի հարված է մեր պատմամշակութային ժառանգությանը։ Արցախից բացի նաեւ Արեւմտյան Հայաստանի մասին է խոսքը»,- այսօր «Շիրվանի, Գարդմանի եւ Նախիջեւանի հայությունը․ տեղաբնիկությունից մինչեւ փախստականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց պատմաբան Գրիգորի Այվազյանը։

Այս իրավիճակում, նրա խոսքով, մենք մեկ բան կարող ենք անել՝ աջակցել Հայաստանի Հանրապետությունում ուդիական համայնքի կայացմանը եւ զարգացմանը։ Թե քանի ուդի կա Հայաստանում, հարցին Գրիգորի Այվազյանը պատասխանեց, որ նրանց դժվար է տարբերակել՝ անուն, ազգանուններով ու հայրանուններով չեն տարբերվում հայերից։ Նվազագույնը 200-500 ուդի կա Հայաստանում, իսկ առավելագույնը 1000-1500՝ համարյա Ադրբեջանում ապրող ուդիների թվին հավասար, ասաց նա։

«Մենք պետք է այդ հարցին լուրջ ուշադրություն դարձնենք, ուզում եմ գիտական համայնքի ուշադրությունը հրավիրել՝ եթե Ադրբեջանի թեզերին չհակադարձենք, մեծ վնաս կլինի մեր պետականության շահերին։ Չէ՞ որ նրանք հիմա հայտարարում են, որ եւ «Էջմիածինն է աղվանա-ուդիական, եւ Արեւմտյան Հայաստանի Սուրբ խաչը»։ Դրան դիմադրելը պետական մակարդակի գործ է, եկեղեցու մակարդակի գործ է»,- ասաց Այվազյանը։