Բաքուն պայման է առաջադրել՝ փոխեք Սահմանադրությունը, որտեղ Ղարաբաղը Հայաստանի մաս է

  • 12:50 10.12.2024

«Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»,- ասել է Բաքվի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը «Հիմնական խոչընդոտները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին» միջոցառմանը, տեղեկացրել է АPА-ն:

«Այն բանից հետո, երբ 2020թ. Ադրբեջանն ազատագրեց իր տարածքներն օկուպացիայից, 2021թ. առաջին անգամ Հայաստանին խաղաղության առաջարկ արեց։ Երկիրը, որը հաղթել է պատերազմում, երբեք հակադիր կողմին խաղաղության առաջարկ չի անի, բայց մենք դա արեցինք։ Մենք պատրաստեցինք բազային սկզբունքներ խաղաղության մասին։ 2020-2022թթ. մենք չգիտեինք ինչ է ուզում Հայաստանը։ Դրանից հետո մենք համակողմանի քննարկումներ իրականացրինք։ Դրանք անցան ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ղազախստանում։ Այդ քննարկումների ընթացքում մենք փորձեցինք մշակել խաղաղության համաձայնագիր։ Կան երկու հիմնական խոչընդոտներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է։ Այդ խոչընդոտը նաեւ արտացոլված է Հայաստանի Անկախության ակտում։ Այնտեղ հիմք է ընդունված «Ղարաբաղը Հայաստանի մասն է» կետը»,- մեջբերել է պարբերականը փոխնախարարին։

Երկրորդ խոչընդոտն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչները տարբեր դիրքորոշումներ ունեն, ընդգծել է փոխարտգործնախարարը՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը։

Մամեդովը նաև խնդիր է համարել Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը։ Հիշեցնենք, այդ ստատուտին միանալով Հայաստանը հնարավորություն է ձեռք բերել դիմել Ալիեւի դեմմիջազգային դատարան։