Ընդունվեց ուղերձ, որով դիմում ենք ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը եւ Սահմանադրությունը

  • 13:20 10.12.2024

Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ Արցախի անկախության հանրաքվեի օրվա առթիվ։

«Ընդունվեց ուղերձ, որով դիմում ենք ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը եւ Սահմանադրությունը։ Ինչպես նաեւ քննարկվեցին վերադարձի խնդիրները։ Ճիշտ է, մենք այս 30 տարիների ընթացքում համոզվեցինք, որ միջազգային հանրությունը որպես այդպիսին գոյություն չունի, որովհետեւ այդ 30 տարիների ընթացքում ոչ մեկ ուշադրություն չդարձրեց, որ փոքրիկ մի էթնոս ուզում է ինքնորոշվել, սակայն նրա ցանկությունը չի ընդունվում։ Միգուցե այսօր հնարավոր դառնա հասկանալ, որ չի կարելի խաղալ ժողովրդի ճակատագրի հետ։ Այսօր տեղահանված արցախցիները շատ ծանր հոգեվիճակի մեջ են»,- նիստից հետո ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Արզիկ Հարությունյանը։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ նա ասաց, որ հույս չի կապում ՀՀ այսօրվա իշխանությունների հետ։ Նա նշեց, որ դեռ շատ վաղուց Հայաստանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ «Սակայն հույսն այն է, որ միգուցե ՄԱԿ-ի անդամ պետություններից կարողանան անդրադարձ կատարել, առավել եւս Մինսկի խմբի համանախագահ պետությունները, որոնք տարիներ շարունակ զբաղվել են Արցախի հարցով, գուցե թե նորից վերականգնվի նրանց օրինական իրավունքները, եւ Արցախի հարցը նորից դրվի քննարկման»,- ասաց նա։