Այդ օրը մենք ունեցանք 10 քաղաքացիական զոհ։ Այսինքն՝ պատերազմ էր, բայց մարդիկ դուրս եկան եւ իրենք «այո»-ն պետք է ասեին

  • 17:55 10.12.2024

Արցախի Ազգային ժողովն Անկախության հանրաքվեի օրվա առթիվ այսօր ընդունեց հայտարարություն՝ ուղերձներ հղելով միջազգային հանրությանը։ Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստից հետո ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանը։

«Սպասելիքներն այս պահին այդքան էլ շատ չեն, որովհետեւ երբ մենք Արցախում էինք, հայտարարություններ էր անում Ազգային ժողովը, թե ինչպիսի իրավիճակ էր Արցախում, եւ միջազգային հանրությունը քայլեր պետք աներ։ Ցավոք, բայց չեղավ դա։ Այսօր ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի մասին ամեն ինչ մոռացության տալ, բայց չի կարելի մոռանալ, որ 1991 թվականին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվում էր, սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային խորհուրդը եւ Շահումյանի շրջանային խորհուրդը որոշում ընդունեցին Անկախության հռչակագրի մասին։ Եվ դրան հետեւեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որտեղ մասնակցել են մոտ 110 հազար արցախցիներ եւ միասնական «այո» են ասել անկախությանը։

Այդ ժամանակ մոտ երկու տասնյակ միջազգային դիտորդներ կային Արցախում, որոնք միայն արձանագրեցին, որ ադրբեջանական ագրեսիայի եւ ռմբակոծության ժամանակ արցախցիները հետ չէին կանգնում, դուրս եկան ու «այո» ասացին անկախությանը։ Եվ այդ օրը մենք ունեցանք 10 քաղաքացիական զոհ։ Այսինքն՝ պատերազմ էր, ռմբակոծություն էր, բայց մարդիկ դուրս եկան եւ իրենք «այո»-ն պետք է ասեին։ Եվ այսօր Հայաստանի իշխանությունները, եթե սա ուզում են մոռացության տալ, դա չի ստացվելու։ Երբ Հայաստանում կլինեն ազգային իշխանություններ, այս բոլոր հարցերին մանրակրկիտ կանդրադառնան»,- ասաց նա։

Աշոտ Դանիելյանի խոսքով՝ երբեք ուշ չի լինում, հնարավոր է նորից հետ բերել այն, ինչ կորցրել ենք։ Նա նշեց նաեւ, որ Արցախի ԱԺ-ն լեգիտիմ մարմին է՝ Արցախի ժողովրդի առաջնային մանդատն ունեցող։ Արցախի ներկայացուցչությունը գործում է, պատգամավորներն աշխատում են, հանդիպում են բնակչությանը, եղած ռեսուրսներով անում են այն աշխատանքը, որը հնարավոր է իրականացնել։