Հայաստանն ու Ֆրանսիան սահմանել են պաշտպանական ոլորտում «համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող»

  • 15:11 11.12.2024

Պաշտպանության նախարարությունում երեկ կայացել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ, հայտնում է ՊՆ-ն։ Ապա ստորագրվել է երկու երկրների պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիան, ըստ հաղորդագրության, հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: Թե որն է այդ նշաձողը, չի հաղորդվում։

Գերատեսչությունը նշում է, որ զինվորականները կարևորել են համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով:

Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: Նրանք
քննարկել են ՀՀ ԶՈւ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության եղած մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:

«Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ», – նշում է ՊՆ-ն:

2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցին, որով Փարիզը, մասնավորապես, GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ մատակարարեց։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը զանգահարել է նաեւ Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին եւ շուրջ մեկ ժամ հեռախոսազրույց է ունեցել։ Ֆրանսիան չի թաքցնում հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ։