Ինչ կլինի Արցախի Ազգային ժողովի հետ 2025-ի մայիսից հետո

  • 11:06 13.12.2024

2025 թվականի մայիսին ավարտվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության ժամկետը։ Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ լավագույն տարբերակը կլիներ այն, եթե ընտրական համակարգի միջոցով ընտրություններ տեղի ունենային։ Դա, նրա խոսքով, հավելյալ լեգիտիություն կտա ցանկացած մարմնի, որը պետք է շարունակի իր գործունեությունը։ «Լավ կլիներ, եթե ներկայիս իշխանությունները նման քաղաքական կամք ունենան եւ կարողանան դա իրականացնել, դա տեխնիկապես էլ հնարավոր է, այնպես չէ, որ հնարավոր է։ Ես չեմ տեսնում, որ նման քաղաքական կամք լինի՝ այդպիսի գործընթացների գնալու։ Եթե լինի, ավելի լավ»,- ասաց նա։

Արամայիս Աղաբեկյանի խոսքով՝ Արցախի պետական ինստիտուները պետք է ոչ միայն շարունակեն գործել, այլեւ իրենց առջեւ դրված խնդիրը պետք է լուծեն։ «Այս պահին երկու խնդիր կա՝ մեկը իրավական հարցն է, մյուսը՝ քաղաքական։ Այսինքն՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հնարավորությունը եւ քաղաքական դերակատարության՝ ցույց տալու համար, որ քաղաքական առումով դու գոյություն ունես։ Մենք հասկանում ենք, որ ամեն ինչ գետնի վրա է լուծվում, այդ աշխատանքը պետք է՝ հետագայում գետնի վրա լուծելու հնարավորության դեպքում իրավական եւ քաղաքական հիմքերը ունենալու համար»,- հավելեց նա։

Արամայիս Աղաբեկյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Արցախի իշխանությունները կաշկանդվածություն ունեն, այդ կաշկանդվածությունը ոչ թե այսօր է սկսվել, այլ անմիջապես տեղահանությունից հետո։ Հարցին, թե այս իրավիճակում հնարավո՞ր է արդյունավետ աշխատանք ակնկալել Արցախի իշխանություններից, պատգամավորը պատասխանեց․ «Ստացվում է մի իրավիճակ, որ ՀՀ ներկայիս իշխանությունների գոյության շարունակության պարագայում մնացած ամեն ինչ արհեստական օրակարգի մեջ է»։

Ռոզա Հովհաննիսյան