Սեպտեմբերի 19-ի պատերազմի առաջին ժամերին զոհված սերժանտ Սասուն Ավանեսյանի մարմինը մնացել է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում, շիրմաքար, անուն-ազգանունն անգամ չհասցրին տեղադրել։
Զոհվելուց հետո մարմինը գերի մնաց, ասում է Սասունի քույրը՝ Բելլա Գալստյանը։ Պատմում է՝ Սասունը զոհվել էր, մյուս զինծառայող եղբայրը՝ Դավիթը, շրջափակման մեջ էր, սպասում էին, որ մի կերպ գա հասնի հուղարկավորությանը. – «Մեզ ասացին՝ որ համապատասխան դեղորայքը չկա, պետք է հուղարկավորեք, որովհետև արդեն հետո շատ-շատ են էլի բերել մարմինները»։
Հետո մի լուծում կգտնվի, ասել են, իսկ հետոն բենզինի պահեստի պայթյունն էր, որի հետևանքով մահացավ ադրբեջանական շրջափակումից փրկված Դավիթը նույնպես։ Մահացավ երևանյան հիվանդանոցում ու հուղարկավորվեց «Եռաբլուրում», Սասունի աճյունը մնաց Ստեփանակերտում։
Երկու որդիներին տարբեր գերեզմանոցներում հուղարկավորած մայրը՝ Գալինա Ավանեսյանն այն հավատով է ապրում, որ հնարավոր կլինի արտաշիրիմում անել ու Սասունի մարմինը տեղափոխել։ Ընտանիքում տագնապով են հետևում այն շինարարությունը, որ Բաքուն սկսել է իր հսկողության տակ անցած տարածքներում:
Վերջին մեկ տարում մի քանի անգամ ընտանիքներին ասել են՝ համաձայնությունը կայացած է, աճյունները կտեղափոխվեն, սակայն վերջին պահին չեղարկվել է։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այս շաբաթ գանգատ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան նախորդ տարվա սեպտեմբերի զոհերի 36 ընտանիքների անունից. – «Մեր պահանջն է արձանագրել խախտումներ և հարկադրել Ադրբեջանին աճյունները, մասունքները հանձնել ընտանիքներին»։
Մանրամասները՝ Ազատություն-ում