Վրացական սիմվոլիկան. ֆուտբոլիստը նախագահ է դարձել դիվանագետի փոխարեն

  • 16:11 14.12.2024

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին ստացել է Վրաստանի նախագահ ընտրվելու համար 300-ից անհրաժեշտ 200 ձայնը։

Ընդհանուր առմամբ, ըստ ԿԸՀ ներկայացուցիչների, ստացվել է 225 քվեաթերթիկ, որոնցից մեկն անվավեր է։ Սա Վրաստանի պատմության մեջ առաջին ընտրություններն են, երբ նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից։

Կավելաշվիլին նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Նա ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին, չունի բարձրագույն կրթություն։

Վրաստանի ներկայիս նախագահ, պրոֆեսիոնալ դիվանագետ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել բողոքի երթ կազմակերպած մայրերին, ովքեր դեմ են Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից հրաժարվելու «Վրացական երազանքի» որոշմանը և չեն ճանաչում անցկացված նախագահական ընտրությունների օրինականությունը։

«Ոչինչ չի եղել։ Ոչ ոք ոչ մեկին չի ընտրել։ Շնորհակալություն, եկեք շնորհակալություն հայտնենք երկրի ապագայի համար պայքարելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։

Միջազգային առևտրի պալատի (ICC) նախագահ Ֆադի Ասլին գրում է. «Այսօր Վրաստանում կա երկու նախագահ՝ օրինական ընտրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ապօրինի նշանակված, ռուսական արտադրության մեդուզայի IQ-ով կլոն Միխեիլ Կավելաշվիլին»։

Թբիլիսիում առավոտից բողոքի ցույցերը շարունակվում են։ Մինչ քվեարկությունը խորհրդարանի մոտ հավաքվածները ֆուտբոլ էին խաղում՝ նախագահի թեկնածուին հրավիրելով իրենց հետ խաղալու, քանի որ դա է նրա մասնագիտությունը։