«Արցախի ձայներ» անսամբլի ստեղծման պատմությունն անքակտելիորեն կապված է խմբի հիմնադիր և ղեկավար Լիրա Քոչարյանի անվան հետ։ Համույթը ստեղծվել է 2003 թվականին։
«Լիրա Կուբատովնան գիտի, թե ինչպես գտնել տաղանդներ: Լինելով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրեն, 2000-ականների սկզբին՝ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում, նա կարողացավ իր շուրջը հավաքել երիտասարդ երաժիշտներին և ստեղծել «Արցախի ձայներ» համույթը, Step1.am-ի հետ զրույցում ասաց խմբի պրոդյուսեր Արամ Մուսայելյանը։ — Սկզբում բավականին դժվար էր, հազիվ էինք միջոցներ հայթայթում Հայաստանում երաժշտական մրցույթներին մասնակցելու համար, էլ չեմ ասում միջազգային: 2005թ.-ին մեզ միացավ Արթուր Գրիգորյանը, իսկ հետո համատեղ ջանքերով հասանք մեծ հաջողությունների։ “Մեր գյուղը” նախագծի շրջանակներում կատարեցինք գործեր, որոնք հիմնված էին իրական դեպքերի վրա և մարմնավորում էին արցախյան իրականության բոլոր հատկանիշները։
Մենք հնարավորություն ունենք համաշխարհային հանրությանը ներկայացնելու մեր մշակույթը։ Արցախի դրոշի ներքո հանդես ենք եկել աշխարհի շատ երկրներում, նույնիսկ մահմեդական։ Հանդիսատեսը մեզ սիրեց, քանի որ մեր երգացանկը յուրահատուկ էր և պարունակում էր արցախյան ֆոլկլորի տարրեր։
Մեր խմբի նախկին մենակատարներնը դարձան հայկական էստրադայի բոլորի կողմից սիրելի աստղեր՝ Ռազմիկ Ամյանը, Վարդան Բադալյանը, Թամարա Պետրոսյանը և այլք։ Մեր խմբի մենակատարները մեկ անգամ չէ, որ դարձել են ռուսական և միջազգային երաժշտական մրցույթների հաղթողներ՝ Եվրատեսիլ, “Голос. дети” և այլն:
Այսպիսով, տարբեր նախագծերի շրջանակներում մենք հաջողությամբ շարունակեցինք զարգացնել մեր գործունեությունը մինչև 2020թ.։ 44-րդ պատերազմից հետո երկար ժամանակ չէինք կարողանում հաշտվել իրականության հետ ու ստիպել մեզ շարունակել աշխատանքը։ Մեր երգացանկը սկսեց հիմնականում բաղկացած լինել տխուր, հայրենասիրական երգերից։ Մեզ համար դժվար էր ուրախ ստեղծագործություններ կատարելը, քանի որ բոլորի հոգում ցավ էր ապրում։
Արցախում մենք ստեղծագործական զարգացման առումով խնդիրներ չենք ունեցել, քանի որ մեզ սիրում ու աջակցում էին։ Տեղահանությունից հետո հայտնվելով Հայաստանում՝ բախվեցինք մի շարք խնդիրների։ Ժամանակակից Հայաստանի պայմաններում շոու-բիզնես մտնելը հեշտ չէ, և հատկապես դժվար է մեզ համար, քանի որ մեր խմբի անունը հիմա հնչում է «ոչ ակտուալ»։ Մեզ նույնիսկ առաջարկեցին փոխել խմբի անվանումն ու աջակցություն ստանալ։ Մենք, իհարկե, հրաժարվեցինք)))
Այժմ մենք գոյություն ունենք մեր լավ ընկերների շնորհիվ, որոնց անուններն են՝ Անիտա Հախվերդյան, Վահրամ Պետրոսյան, Մարտին Միրզոյան, Նիկ Եգիբյան, Արման Սահակյան, Րաֆֆի Ալթունյան, Արմեն Սարգսյան, Արթուր Մանուկյան, Արտեմ Ուոլթեր, Ռազմիկ Ամյան, Արամե, Ալեքսան Ասրյան, Մարգարիտա Շարիմանյան, Ավետ Բարսեղյան, Արա Թորոսյան, Արաբո Իսպիրյան, Տիգրան Ավետիսյան, Մանե Գրիգորյան, Սիրուշո, Հրաչ Քեշիշյան, Կարեն Ստեփանյան, Ֆաինա Հարությունյան, Արամ Նիկոլյան, Արայիկ Գաբաջյան, ԿարենՍևակ Պրոդակշն, Positive Prodaction, Happy event Prodaction, Կարապետյան եւ Դադասյան ընտանիքներ։
Մենք անչափ շնորհակալ ենք նրանցից յուրաքանչյուրին աջակցության համար։ Նրանց շնորհիվ 4 տարվա ընդմիջումից հետո մեզ բախտ վիճակվեց նկարահանել «Երազանք» տեսահոլովակը։ Անունը պատահական չի ընտրվել՝ հաշվի առնելով այսօր տեղի ունեցող դաժան իրականությունը։
Մենք զրկվեցինք մեր հայրենիքում ապրելու իրավունքից, իսկ Արցախում կյանքը դարձել է երազանք։ Մենք ստիպված ենք վաստակել տարբեր տոնական միջոցառումների ժամանակ ելույթ ունենալով։ Միևնույն ժամանակ, չկորցնելով ավելի լավ ապագայի հույսը, շարունակում ենք ստեղծագործել և պատրաստել տաղանդների նոր սերունդ:
«Արցախի ձայներ» համույթը մի դպրոց է, որի միջոցով շատերն աստղեր են դարձել։ Եվ ես կցանկանայի, որ «աստղային տենդը» չխանգարի նրանց հիշել իրենց ծագումը»։
Արսեն Աղաջանյան