Ռուսաստանը, Սիրիայից դուրս մղելով իրանամետ ուժերին, հանգիստ դուրս է բերում իր զորքերը

  • 20:56 14.12.2024

Ռուսաստանը, Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման ֆոնին, ըստ ամենայնի, սկսել է դուրս բերել իր զորքերը այս երկրից։ Ռուսական բեռնատար ինքնաթիռներից մեկը Լաթաքիայի Խմեյմիմ ավիաբազայից թռել է Լիբիա, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով «սիրիական անվտանգության ներկայացուցչին»։ Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս ռուսական ևս մի քանի ինքնաթիռ կլքի Խմեյմիմ ավիաբազան։

Սիրիայում թուրքամետ ուժերի կողմից իշխանության «գրավումից» հետո Մոսկվան կարող է հանգիստ դուրս բերել իր զորքերը։ Իրանական «շիական գոտին» ոչնչացված է, Էրդողանն արդեն բացահայտ հավակնում է Սիրիայի հյուսիսային նահանգներին, ուստի Մոսկվան կատարեց իր առաքելությունը՝ օգնեց Թուրքիային դուրս մղել իրանամետ ուժերին և վերահսկել տարածքը։

Թուրքիան պարտքի տակ չի մնում։ Քանի որ ռուսական Գազպրոմբանկի դեմ ԱՄՆ պատժամիջոցները «ազդում են Թուրքիայի վրա», Անկարան Վաշինգտոնին խնդրում է դրանք չեղարկել թուրքական կողմի համար: Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, գրել է թուրքական Hürriyet թերթը՝ նշելով, որ այս հարցը բարձրացվել է դեկտեմբերի 13-ին Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններում։

Ռուսաստանը, որը 2020 թվականին «հինգ տարով» զորք մտցրեց Արցախ, համոզվելով, որ Արցախում Թուրքիայի կողմից վերահսկվող Բաքվի ուժերը լիարժեք վերահսկողություն են հաստատել, «վաղաժամ» դուրս բերեց իր զորքերը՝ ապացուցելով, որ իր նպատակը ոչ թե արցախահայությանը պաշտպանելն էր, այլ Արցախի «խաղաղ» փոխանցումը թուրքական վերահսկողության տակ ապահովելը։ 2024 թվականի գարնանը պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները չեն փորձելու վերադառնալ Արցախ, եւ ռուսները դուրս բերեցին իրենց զորքերը։ Նրանք նույնիսկ տարան 2023 թվականի սեպտեմբերի 20-ին զոհված 6 ռուս «խաղաղապահների» պատվին տեղադրված հուշարձանը։ Այժմ նրանք դուրս են բերում զորքերը Սիրիայից՝ նպատակը կատարված է։