«Թումանյանս» մշակութային սրճարանում երեկ հացի բույրն ամենուր էր։ Հացի եւ խմորեղենի փոքրիկ ցուցահանդես-փառատոնին մասնակցում էին 8 մասնակից։ Նրանք հենց այն մասնակիցներն են, որ 6 ամիս շարունակ սովորում էին թթխմորով հաց թխելը, կատարելագործելն իրենց գիտելիքները հրուշակագործության ասպարեզում։
Քրիստին Բալայանը լավ է տեսել հացի բացակայությունն՝ իր բոլոր դրսեւորումներով։
Ստեփանակերտում հնարավորինս միջոցառումներ էին կազմակերպում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։
«Մտածեցի՝ այնտեղ տուն ունեինք, ծնողները կարողանում էին իրենց երեխաներին սպասել տանը, հիմա որտե՞ղ պիտի սպասեն։ Որոշեցի, որ այս անգամ կազմակերպվելիք դասընթացը պիտի լինի հենց մայրերի համար, որ նաեւ կարողանան նոր գիտելիք ձեռք բերել, որը եկամտի աղբյուր կդառնա»,- ասում է Քրիստինը, ով դասընթացն իրականացրել է Նիդեռլանդների դեսպանատան հայտարարած դրամաշնորհի միջոցով։
Ունեին ընդամենը 8 տեղ, բայց դիմորդների թիվն անցավ 70-ից։
«Սա արմատներին վերադառնալու մի միջոց էր, որ ապահովագրես քեզ ցանկացած իրավիճակում եւ, եթե կա ալյուր եւ ջուր՝ կարողանաս երեխաներիդ համար հաց թխել»,- պատմում է Քրիստինը։
Ամենադժվարը մասնակիցներին ընտրելն էր, որովհետեւ նախապես արցախցի կանանց հզորացման ծրագիր էր կոչվում, բայց դիմեցին հայաստանաբնակ մեր հայրենակիցները եւս։
«Շրջափակումից հետո հասկացա, որ, եթե իմ կյանքում չշատանան կառուցողական, վերականգնողական երեւույթները, ես կկործանվեմ։ Ու սկսվեց այդ վերականգնման փուլը՝ հաց թխելը, մանդարինով մուրաբա պատրաստելը, շյուղագործությունը, ծաղիկներ աճեցնելը»,- ասում է Սվետլանան ու նշում, որ այս բոլոր երեւույթները իրական կյանք տանող ուղիներն են եւ այսօր իր 1 տարեկան մանուշակն արդեն ծաղկել է։
«Գուցե ենթագիտակցաբար էր այս ամենը սովորելն ու նորից կիրառելը, որովհետեւ շրջափակման ժամանակ, երբ մենք ունեինք դրոժի խնդիր, դժվար էր հաց ստանալը, իսկ այսպես, երբ կա ալյուր եւ ջուր՝ ինքդ քեզ ապահովագրում ես»,- ասում է Սվետլանան, ում փոքրիկ սեղանին շարված են ամբողջահատիկ ալյուրից թխված հացերը, մանդարինի մուրաբան ու հյուսված անձեռոցիկները։
Միլենա Ավագյանը ծրագրի հայաստանաբնակ մասնակիցն է, ասում է՝ չէի հավատում, որ տեղահանությունից հետո, այսքան խնդիրների մեջ հայտնված արցախցի կանանց կողքին կընտրեն նաեւ իրեն, բայց ընկերուհու հորդորով հայտը լրացրեց, չսպասելով, որ մի օր զանգ կստանա։
Միլենան ունի խնդիր ունեցող երեխա, ինչի պատճառով աշխատել հնարավոր չէ։
«Այս ծրագիրն ինձ համար փրկություն էր, որովհետեւ հիմա տնից հաց, խմորեղեն եմ թխում եւ ունեմ մշտական հաճախորդներ, կարողանում եմ իրացնել»,- ասում է նա։
Իրացման մասով ծրագիրը եւս օգնել է։
6 մասվա ընթացքում ապագա գործարարների՝ կանանց հետ աշխատել են մարկետոլոգներ, հոգեբաններ, լուսանկարիչ, որպեսզի կանայք կարողանան ինքնուրույն իրականացնել հաց թխելուց մինչեւ վաճառք իրականացվող բոլոր քայլերը։
Դիանա Ղալայանը Ստեփանակերտից է, Էջմիածնում է ապրում հիմա։
«Տատիկս էլ էր թթխմորով հաց թխում եւ հետաքրքիր էր՝ հիմա ինչպե՞ս են օգտագործում թթխմորը։ Հրուշակագործությունն ինձ համար հոբբի էր, բայց հասկացա, որ այն կարող է եկամտի աղբյուր դառնալ, եթե գիտելիքներից բացի ունենաս նաեւ լավ վառարան»,- ասում է Դիանան եւ նշում, որ հաճախ ստիպված է լինում մի քանի անգամ անջատել վառարանը թխման պրոցեսում, որպեսզի անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովի։
«Միլագրի» հիմնադրամով մեկնարկած ծրագիրն արդեն ավարտին էր մոտենում, երբ Քրիստինը հասկացավ, որ ամեն ինչ նախատեսել էր կանանց համար, բացի մի կարեւոր պայմանից՝ վառարաններից։
«Շրջափակման ժամանակ մի կին էր զանգել, ուզում էր գումար ուղարկել, ասացի՝ գումար պետք չէ, եթե կարող եք ալյուր եւ ձեթ ուղարկեք»,- հիշում է Քրիստինը եւ նշում, որ մի միջոցառման ընթացքում հանդիպել էր զանգող կնոջը։
«Երբ մեզ ծանոթացնում էին եւ հիշեցնում այդ դեպքի մասին՝ ասացի, այ հիմա այդ գումարն ավելի քան պետք է։ Լյուսին նշեց, որ գումարին ձեռք չի տվել եւ սիրով կարող է փոխանցել»,- երջանիկ աչքերով պատմում է Քրիստինն ու ցույց տալիս սրճարանի հենց կենտրոնում արկղերից ստեղծված տոնածառը։ Էլեկտրական վառարաններն են, որոնք միջոցառման ընթացքում բաժանվեցին կանանց՝ ավելի կայուն սեփական աշխատանք ունենալու հավատով։
6 ամսիս շարունակված ծրագրի ընթացքում ստացած գիտելիքներով եւ արդեն նվեր ստացած վառարաններով կանայք կայունության նոր ճանապարհ են սկսում՝ դառնալով արմատներին՝ առանց գլյուտենի, ամբողջահատիկ ալյուրից հաց ստանալով։
Մարիամ Սարգսյան