Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներն անհեթեթ են, առանց ԱՄՆ-ի ադրբեջանական «Դարի պայմանագիրն» անհնար կլիներ, Բաքվում հայտարարել է Ադրբեջանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին։ Խոսքը ԽՍՀՄ քանդվելուց հետո 1994-ի սեպտեմբերին խոշոր նավթային պայմանագրի մասին է, որի շնորհիվ Ադրբեջանը պահպանվեց։ 1994-ի մայիսին հայկական ուժերը շարունակում էին առաջընթացը, Բաքվում իրարանցում էր, եւ այդ պայմանագրի շնորհիվ Ալիեւը կարողացավ ջրի երեսին մնալ։
«Խորհելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև անցյալ տարվա համագործակցության հաջողությունների շուրջ, ես մտաբերում եմ կասկածի ցինիկ ձայները։ Բազմաթիվ մեղադրանքներ են հնչել Միացյալ Նահանգների հասցեին, Ադրբեջանին տապալելու վայրի և անհեթեթ դավադրությունների մասին»,- ասել է դեսպան Լիբբին և պնդել, որ առանց Վաշինգտոնի 30 տարի առաջ չէր կնքվի «պատմության ընթացք փոխած «Դարի պայմանագիրը»», ասել է դեսպանը։
Ադրբեջանի “հայր” են համարում Հեյդար Ալիեւին, նրա որդին աշխարհի բոլոր ծայրերում տեղադրում է նրա հուշարձանները։ Սակայն ԱՄՆ դեսպանը հիշեցնում է, որ միայն շնորհիվ ԱՄՆ-ին Ադրբեջանը դարձավ պետություն։ Ալիեւը դա գիտի, ինչպես նեւ գիտի, որ իր հայրը հիանալի հասկանում էր Ղարաբաղի դերը։
Դեսպան Լիբբին Արցախյան պատերազմից հետո հարկ չէր համարում օկուպացված Շուշի այցելել, սակայն մի օր ստիպված էր գնալ եւ նկարվել այնտեղ։ Նման “զիջումները” այնպես չեն անցնում․ հիմա Ալիեւը ձեւացնում է, իբր ինքն է ամեն ինչ արել։ Ալիեւն այնքան է ոտը ձգել, որ Էրդողանը ստիպված ասաց՝ “մե՜նք վերցրեցինք Ղարաբաղը”։ Իսկ Պուտինը դեռ 2020-ի նոյեմբերին է ասել, որ ինքն է Արցախի մեծ մասի օկուպացման փաստաթղթի հեղինակը։
Ադրբեջան կոչվածը շատ հայրեր ունի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: