Արցախում տրված տան վկայագիրը ընդամենը մի սովորական թուղթ է, ասում են, գոյություն չունի

  • 16:17 17.12.2024

Մարինե Սարգսյանն Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից է։ Ամուսինը՝ Վարուժան Առստամյանը, զոհվել է 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ պաշտպանում էր հայրենի գյուղը։ Սղնախի անկումից հետո Առստամյանների ընտանիքը տեղահանվել ու բնակություն է հաստատել Ստեփանակերտ քաղաքում։ Այժմ բնակվում են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղում։ Որպես զոհվածի կին՝ Մարինեն, 2022-ի հոկտեմբերին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի կողմից ստացել է վկայագիր, որով երաշխավորվում էր Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել, սակայն 2023-ի Արցախի բռնատեղահանումից հետո այդ ծրագիրը դադարել է գործել, և զոհվածի կինը մնացել է ձեռնունայն։ Չգիտի՝ ինչ անել։

-Մեր գյուղը կորցնելուց հետո բնակություն էինք հաստատել Ստեփանակերտ քաղաքում։ Գյուղից դուրս ենք եկել դատարկաձեռն՝ այնտեղ թողնելով մեր կյանքի ողջ վաստակը։ Սակայն նյութական ոչ մի բան չի կարող համեմատվել մարդկային կորստի հետ։ Մենք կորցրինք Վարուժանին և երբեք չենք կարող հարմարվել այդ կորստի հետ։

2022-ին, երբ ինձ բնակարան գնելու վկայական տրվեց, սփոփվեցի մի քիչ։ Ամուսինս ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում, և Հայաստանում տուն ձեռք բերելու հնարավորությունը մեզ մի փոքր ուրախացրեց․ մոտ կլինեինք Վարուժանին։ Ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան։ Տղաս՝ Սասունը, հարմար բնակարան գտավ Էջմիածին քաղաքում, որը պետք է գնեինք այդ վկայագրով։ Տեղափոխվեցինք այդ տունը։ Որդիս, որ այդ ընթացքում ամուսնացել էր, կնոջ հետ մեկնեց Արցախ, սակայն սկսվեց Արցախի շրջափակումը, և նրանք մնացին Արցախում։ Ամիսներ հետո կարողացան վերադառնալ։

Տուն ձեռք բերելու գործընթացը կիսատ էր մնացել, իսկ 2023-ի Արցախի բռնատեղահանումից հետո վկայագիրը կորցրել է ուժը։ Դիմել ենք տարբեր տեղեր, սակայն հարցը չի լուծվել։ Մեզ պատասխանել են՝ քանի որ Արցախը դադարել է գոյություն ունենալ, ըստ այդմ Արցախի կառավարության կողմից կյանքի կոչված բոլոր փաստաթղթերը կորցրել են իրենց ուժը, – ասում է տիկին Մարինեն ու ավելացնում, որ Հայաստանում բնակարան ձեռք բերելու համար Արցախում տրված վկայականն ընդամենը մի սովորական թուղթ է, որն իրենից ոչինչ չի ներկայացնում։

Առստամյանների ընտանիքն Էջմիածին քաղաքից ստիպված տեղափոխվել է գյուղական համայնք, որ գոնե կարողանան հողագործությամբ զբաղվել։ Սասունն աշխատանքի համար դիմել է տարբեր տեղեր, սակայն՝ անարդյունք։ Ամուսնու հայրը ևս իրենց հետ է ապրում թոշակառու է։ Առստամյանների ընտանիքը չի կողմնորոշվում հետագա քայլերի մեջ։ Նրանք մտածում են՝ գուցե մի բան փոխվի և կարողանան օգտվել 2022-ին տրամադրված վկայականից։ Զոհվածի ընտանիքը երկմտանքի մեջ է՝ կանգնած խնդիրների առաջ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f