Մեկօրյա պատերազմից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ եւս մեծ աղետ. այդ օրը պայթյուն է որոտացել Ստեփանակերտի մերձակայքում։ Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը վերջին խորհրդանշական աղետն էր, որի պատճառը մնում է անհայտ։
Ականատեսները տարբեր կարծիքներ ունեն՝ ոմանք կարծում են, որ դա անվտանգության կանոնների խախտման արդյունք է, իսկ մյուսները վստահ են, որ դա ահաբեկչություն է։ Մարդիկ կային, ովքեր ասում էին, որ անօդաչու են տեսել։
Պայթյունը վերածվել է հրդեհի, որը խլել է հարյուրավոր կյանքեր: Մոտ 300 մարդ ստացել է տարբեր ծանրության այրվածքներ։ Տուժածների մեծ մասը դեռևս բուժում և վերականգնում է անցնում Երևանի Այրվածքների ազգային կենտրոնում։
Տեղահանությունից հետո առաջին իսկ օրերից Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի աշխատակիցները կամավոր հիմունքներով սկսեցին աշխատել Երևանի այրվածքների կենտրոնում՝ օգնելով բժիշկներին մեր հայրենակիցների վերականգնման հարցում։
Step1.am-ի հետ զրույցում նրանք խոսեցին վերականգնողական գործընթացի մասին և կիսվեցին առաջին արդյունքներով։ «Տուժածներն անցել են վերականգնողական երկու փուլ. առաջին փուլում նրանց հանեցինք հորիզոնական դիրքից։ Սովորեցրինք նստել, կանգնել, հետո քայլել։ Աշխատել ենք նաև վերին վերջույթների ֆունկցիաների վերականգնման վրա։ Երկրորդ փուլը ներառում էր ամբուլատոր բուժում, որի ընթացքում ամրապնեցինք արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները։
Հիվանդների վիճակը նկատելիորեն բարելավվել է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Սկզբում պրոցեդուրաների էին գալիս հարազատների ուղեկցությամբ, հետո շատերն անկախացան և որոշ չափով աշխատունակ դարձան։
Այժմ նրանք երրորդ փուլն են անցնում, որը ներառում է վիրաբուժական միջամտություններ։ Որից հետո նորից վերականգնում կպահանջվի լիարժեք ապաքինման համար»։
Այսպիսով, Դավիդ և Հենրի եղբայրները, որոնք գլխի և մարմնի այլ մասերի խորը այրվածքներ էին ստացել, աստիճանաբար վերադառնում են լիարժեք կյանքի։ Բուժման և մի քանի վիրահատությունների սպասելիս նրանք մտածում են աշխատանքի և ապագայի հետագա ծրագրերի մասին։
Ներկա իրողություններում չափազանց կարևոր է պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի բնակչության առավել խոցելի խմբերի վերականգնման խնդրին։ Այս առումով անհրաժեշտ է աջակցել Ք.Քոքսի վերականգնողական կենտրոնի թիմին իր չափազանց կարևոր առաքելության մեջ։
Արսեն Աղաջանյան