DW
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը չի կարող ինքնուրույն վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։ Այս մասին նա ասել է ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին։
Հրատարակությունը Զելենսկիին հարցրել է, թե ինչ փոխզիջումների է նա պատրաստ գնալ պատերազմին վերջ տալու համար։ «Պատրա՞ստ եք գոնե ժամանակավորապես հրաժարվել Ղրիմից կամ Դոնբասից», հարցրեց լրագրողը։ Զելենսկին պատասխանել է. «Մենք չենք կարող զիջել մեր տարածքները։ Ուկրաինայի Սահմանադրությունը մեզ արգելում է դա անել։ Դե ֆակտո այս տարածքներն այժմ վերահսկվում են ռուսների կողմից։ Մենք ուժ չունենք նրանց հետ բերելու։ Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային հանրության դիվանագիտական ճնշման վրա՝ Պուտինին ստիպելու բանակցային սեղանի շուրջ նստել»:
Զելենսկիին հարցրել են՝ պատրա՞ստ է արդյոք բանակցությունների սեղանի շուրջ նստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա պատասխանեց. «Կարևորը այն չէ, թե ով է նստած դիմացը։ Կարևոր է, թե ինչ վիճակում ես բանակցում: Չեմ կարծում, որ մենք թույլ դիրքերում ենք, բայց ուժեղ դիրքերում էլ չենք. Կլինե՞նք ՆԱՏՕ-ում։ Մենք չգիտենք։ Կլինե՞նք արդյոք Եվրամիության մաս։ Այո, ապագայում, բայց ե՞րբ”:
«Նման պայմաններում Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելը կնշանակի նրան իրավունք տալ որոշել ամեն ինչ աշխարհի մեր երկրամասում։ Սկզբում մենք պետք է մշակենք մոդել, գործողությունների ծրագիր կամ խաղաղության ծրագիր՝ ինչպես ուզում եք անվանեք այն: Այդ ժամանակ մենք կկարողանանք դա ներկայացնել Պուտինին կամ, ավելի լայն, ռուսներին»,- ասել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ մի համաշխարհային առաջնորդ «իրավունք չունի Պուտինի հետ բանակցել առանց Ուկրաինայի»։ «Մենք այս մանդատը ոչ մեկին չենք պատվիրակել։ Մենք զոհեր ենք»,- ասել է Զելենսկին։