ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խուսափում է հարցից, թե ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը Բաքվի հետ քննարկում Հայաստանի տարածքում Եվրամիության քաղաքացիական դիտորդների տեղակայման հարցը։ Հայտնի է, որ Բաքուն պահանջում է, որպեսզի Եվրամիության դիտորդները դուրս գան Հայաստանից։ Դրան ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր․ «Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ, ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումը անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես»։
Այսօր լրագրողները հարց են ուղղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ քննարկում ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայված ԵՄ դիտորդների հարցը։ Մհեր Գրիգորյանը խուսափեց ուղիղ պատասխանից։ «Դուք կոնտեքստից դուրս եք հարցը ձեւակերպում, ես դժվարանում եմ պատասխանել։ Տվեք հարցեր, որոնք վերաբերում են ինձ եւ իմ գործունեությանը։ Ես չեմ կարող հստակ պատասխանել այդ հարցին»,- ասաց նա։
Լրագրողները հարցրին՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը խոսում է այսպես կոչված սահմանազատված տարածքներից ԵՄ դիտորդներին դուրս բերելու մասին, հնարավո՞ր է այդ առաջարկը Բաքվին փոխանցվել է հենց Մհեր Գրիգորի միջոցով։ Ի պատասխան Մհեր Գրիգորյանն ասաց, որ ոչ մի առաջարկ ինքը չի ներկայացրել Բաքվին։ «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ եք դուք ինձ այդ հարցերը տալիս, ես չեմ կարող ձեզ հետ քննարկել որեւիցե հարց սահմանների եւ սահմանազատման հետ կապված, որը դուրս է մամլո հաղորդագրությունների շրջանակներից։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ գործընթացը շատ զգայուն է»,- նշեց նա։
Մհեր Գրիգորյանը չպատասխանեց նաեւ հարցին, թե հաջորդիվ որ հատվածներում է լինելու այսպես կոչված սահմանազատման գործընթացը, հնարավո՞ր է պահանջեն, որ Բաքվի զորքերը դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից։ «Մենք մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք, բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետեւ կանոնակարգի քննարկման ու հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո, այո, մենք պետք է հանդիպենք եւ շարունակենք աշխատանքները։ Թող ձեզ չթվա, որ պրոցեսը կանգնել է, պրոցեսն ընթանում է, ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս կունենանք արդյունք»,- ասաց Մհեր Գրիգորյանը։