Մենք տեսանք, թե Թուրքիան ինչ դեր ունեցավ Սիրիայում

  • 19:28 19.12.2024

Step1.amհարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

-Պարոն Բալայան, Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն ընդունեց բանաձեւ, որով երկրի կառավարությանը կոչ է արվում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության եւ հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար: Ինչպե՞ս եք գնահատում այս կարեւոր որոշումը եւ հետագայում ի՞նչ աշխատանք պետք է տարվի միջազգային հանրության հետ, որպեսզի արդյունք գրանցվի։

Բնականաբար, միջազգային հանրությանը պետք է ներկայացնել այն ամենը, ինչ կատարվեց Արցախում 2023 թվականին, այդ ցեղասպանական գործողությունները, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից։ Պետք է հասնել նրան, որպեսզի միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականներ տրվեն, միաժամանակ պետք է համապատասխան քայլեր իրականացվեն՝ արցախցիների ընդհանրական վերադարձի հետ կապված։ Արցախի Ազգային ժողովն արդեն արձագանքել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի այդ որոշմանը, մենք շնորհակալ ենք, եւ կարծում եմ, որ պետք է շարունակել աշխատել մյուս երկրների ու միջազգային կառույցների հետ։

-Քանի որ Հայաստանի իշխանությունը փակել է Արցախի հարցը, Արցախի խորհրդարանը կակտիվացնի՞ աշխատանքները միջազգային հարթակներում, որպեսզի ձեր նշած խնդիրների լուծման ուղղությամբ գործնական քայլեր լինեն։

-Համենայնդեպս մենք փորձում ենք, վերջերս էլ որոշում կայացրեցինք՝ դիմելու աշխարհին, որ հանուն արցախահայության փրկության միջազգային հանրության կողմից ճանաչվի այդ հանրապետությունը, որովհետեւ թե իրավական, թե պատմական տեսանկյունից իրավունքը մեր օգտին է խոսում։ Համենայնդեպս, մենք ձգտելու ենք մեր ժողովրդի իրավունքները մեր հնարավորությունների սահմաններում պաշտպանել։

-Արդոք այն, որ Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը եւ տարբեր երկրներ բարձրաձայնում են Արցախի հարցը, դա փաստո՞ւմ է, որ Արցախի հարցը փակ չէ միջազգային հանրության համար։

-Այո, իհարկե, դա այդպես է։ Եթե նկատել եք, տարբեր երկրներից, միջազգային կառույցներից ամենաբարձր մակարդակներով հնչող հայտարարություններն այդ մասին են վկայում։ Վերջիվերջո, իրադարձություններն այնքան արագ են փոխվում, որ աշխարհն էլ փաստի առաջ կանգնեց։ Տարածաշրջանմում իրավիճակ փոխվեց, ուժերի բալանս, որն ամեն օր ծնում է ավելի վատթար իրավիճակ։ Ես նկատի ունեմ պատերազմի սպառնալիքը, տարածաշրջանային անվտանգության հարցրերը, մյուս կողմից էլ Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքերը արձակվել են, մենք տեսանք, թե Թուրքիան ինչ դեր ունեցավ Սիրիայում։ Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում հայ ժողովրդի ու Հայաստանի հասցեին։ Այս ամենը խոսում է այն մասին, որ աշխարհը պետք է գործնական քայլեր անի՝ հետագա արհավիրքները կանխելու համար։
Ռոզա Հովհաննիսյան