Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որում հորդորում է Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ճնշումները ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, իսկ Եվրամիությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որ պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։
Բանաձևի տեքստում հիշատակվում են նաև հայ ռազմագերիները, նշվում է, որ Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, ինչպես նաև «23 հայ ռազմագերի, այդ թվում՝ նախկին ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարները»:
Եվրոպական խորհրդարանը բանաձևում նաև պնդում է, որ ԵՄ-Ադրբեջան գործընկերության ցանկացած համաձայնագիր, ներառյալ էներգետիկայի վերաբերյալ համաձայնագրերը, պետք է որպես պայման ունենան Ադրբեջանի կողմից հիմնարար իրավունքների հարգումն և բոլոր քաղբանտարկյալների ազատումը։ Եվրոպացի պատգամավորները բանաձևում Եվրոպական հանձնաժողովին կոչ են անում կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022 թվականին կնքված փոխըմբռնման հուշագիրը: