Փաշինյանը չհերքեց Ալիեւի պահանջները․ ամեն ինչ հնարավոր է

  • 20:37 19.12.2024

Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

Փաշինյանը մանրամասնել է. – «Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը»:

Հիշեցնենք, որ Ալիեւը պահանջում է Հայաստանից հետ կանչել ԵՄ դիտորդներին, չզինվել, չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, Սահմանադրությամբ հրաժարվել Արցաից, հետ կանչել դատական հայցերը։ Փաշինյանն այսօրվա հարցազրույցում փաստորեն չհերքեց պահանջները, ասելով, որ ամեն ինչ կանի, եթե կնքվի “խաղաղության պայմանագիրը”։

“Պայամանագրի” իմաստը՝ Հայաստանի կառավարության կողմից Արցախից հրաժարումն է, եւ Փաշինյանը դա եւս մեկ անգամ հաստատեց։  

Որպես հաստատում, որ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի մի մասի վերաբերյալ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ղարաբաղցիների կարգավիճակին։

«Եթե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ պարունակեր Ադրբեջանին, ապա ղարաբաղցիները փախստականի կարգավիճակ չէին ստանա»,- ասել է նա։

Նա կրկնեց, որ Սահմանադրության նախաբանում ընդհանուր անդրադարձ կա Անկախության հռչակագրին, որտեղ կրկին նշվում է Լեռնային Ղարաբաղը, սակայն հիմնական օրենքի ոչ մի հոդվածում Լեռնային Ղարաբաղի ուղղակի կամ անուղղակի հիշատակում չկա։ Վարչապետը կրկին հիշեցրել է Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, որը, սակայն, Բաքուն չի բավարարում։

Փաշինյանը շարունակեց. Եթե ընդունենք Ադրբեջանի մեկնաբանությունը, հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ղարաբաղը չմասնակցեց 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին։ Նույնը կարելի է ասել սրանից հետո Հայաստանում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, Փաշինյանը ընդգծել է. «Երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձևաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի և երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատև աղբյուր դարձնելով»:

Փաշինյանն ասել է՝ «ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլև բուն վեճերից«:

Հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետը պատասխանել է. Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:

Անդրադառնալով սպառազինության վերաբերյալ Իլհամ Ալիևի պնդումներին, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. – «Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ: Մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:

«Ադրբեջանն էլ է ոչ պաշտպանական սպառազինություն ձեռքբերում, նշանակում է ռևանշիստական քաղաքականությո՞ւն է վարում», – հավելել է նա: