Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
-Պարոն Ղուկասյան, Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն ընդունեց բանաձեւ, որով երկրի կառավարությանը կոչ է արվում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության եւ հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար: Միջազգային հանրությունը որքանո՞վ կարող է հետամուտ լինել, որ Արցախի հարցով միջազգային խաղաղության ֆորում հրավիրվի։
-Մեծ նշանակություն ունի Շվեյցարիայի իշխանությունների նախաձեռնությունը՝ գումարել միջազգային կոնֆերանս Արցախի հարցով, որովհետեւ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայից հետո Արցախի հարցով Մինսկի կոնֆերանսի անցկացումը գործնականում անհնար դարձավ։ Եվ նոր ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը, իհարկե, բացում է ճանապարհ Արցախի հարցի կարգավորման համար՝ անկախ նրանից՝ Ադրբեջանին դա դուր կգա, թե դուր չի գա։ Ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, ըստ էության դրա համար է հարկավոր կոնֆերանս, որը հնարավորություն կտա տեղից շարժել այս հարցը, որն այս պահի դրությամբ գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ։
-Շվեյցարիայի կառավարության կողմից կկայացվի՞ կոնֆենարս գումարելու որոշումը՝ հաշվի առնելով առկա զարգացումները։
-Չեմ կասկասում, իհարկե, կառավարությունը ենթարկվում է այն որոշումներին, որոնք ընդունում է խորհրդարանը։ Շվեյցարիայի կառավարությունը սաբոտաժ կանի, թե՞ չի անի, մեզ մոտ այդ հարցն առաջանում է դառը փորձից ելնելով։ Բայց տվյալ դեպքում անձամբ ես այդպիսի մտավախություն չունեմ։
-Այսինքն՝ այսպիսով կարո՞ղ ենք փաստել, որ միջազգային հանրությունն օրակարգում է պահում Արցախի հարցը եւ համարում է, որ հիմնախնդիրը լուծված չէ։
-Հայաստանում իշխող ուժը, մասնավորապես, վարչապետը, իմ համոզմամբ կատարելով արտաքին պատվեր, արդեն տեւական ժամանակ է՝ փորձում է մեր հանրությանը համոզել, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն իբրեւ այլեւս գոյություն չունի եւ երբեք գոյություն չի ունեցել։ Բայց իրականությունը ճիշտ հակառակն է․ բոլոր հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, մասնավորապես, մարդու գլխավոր իրավունքին՝ ինքնորոշման իրավունքին, հանդիսանում են միաջզգային հանրության մանդատի տիրույթում գտնվող հարցեր։ Եվ միջազգային հանրությունը մանդատ ունի ինքնորոշմանը վերաբերող ցանկացած հարցի լուծում տալ։ Սա է այն իրավական աղբյուրը, ինչի վրա հենվում են Շվեյցարիայի քաղաքական գործիչները՝ հանդես գալով միջազգային կոնֆերանս կազմակերպելու առաջարկով։ Իհարկե, այդ ամբողջ շարադրված է այսօր գործող միջազգային կոնվենցիաներում եւ պատասխանատվություն է ստեղծում կոնվենցիաների անդամ պետությունների համար։ Դրա համար այդպիսի կոնֆերանսի ստեղծումը հնարավոր է ու անհրաժեշտ։
Ինչ վերաբերում է մեր հանրության ներսում ստեղծված պատկերացումներին, թե իբր Արցախը հարցն այլեւս չկա կամ ուժով է լուծվել, դա հակասում է միջազգային գործող կանոններին։ Ոչ մի վիճելի հարց չի կարող ուժով լուծվել, դա չի կարող համարվել օրինական։ Եվ դրա համար էլ, ինչպես ասացի, խնդիրը հիմա շատ ճգնաժամային վիճակում է գտնվում, էթնիկ զտումից անցել է ավելի քան մեկ տարի, եւ խնդիրը պահանջում է հրատապ լուծում։ Հրատապ լուծման ամենաճիշտ ձեւաչափն այս իրավիճակում միջազգային կոնֆերանս հրավիրելն է։
Ռոզա Հովհաննիսյան