Արավուսում շներն “արխային” բաց են թողնում․ Ղարաբաղի ճանապարհով գնացող չկա

  • 10:39 20.12.2024

Գորիսի կենտրոնում մի հավաքատեղի կա, պատին երկրորդ համաշխարհային պատերզմի մեդալներով վետերանների նկարներ կախած: Տարեց մարդիկ հավաքվում, նարդի, դոմինո, շաշկի, շախմատ են խաղում փոքր այս սենյակում:  Նրանցից մեկը նստել է կապույտ-սպիտակ քարերը սիրուն շարած նարդու դիմաց ու մրցակցի է սպասում: «Գիտես ամենքի հետ խաղո՞ւմ եմ», ասաց նա: Ասաց նաեւ, որ Գորիս—Տեղ—Քարաշեն—Արավուս տրանսպորտը շուկայի դիմացից է շարժվում` կեսօրին:

Գորիսից հենց դուրս եկանք, գազելում Արամ Ասատրյան սկսեց հնչել:

Քաջերի դու բոստան ես,

Դու ծաղկած բուրաատան ես,

Ղարաբաղ, ջա՛ն իմ Ղարաբա՜ղ…

Վանքերը քո դարավոր,

Մատաղ ես քեզ վիրավոր,

Ղարաբաղ, ջա՛ն իմ Ղարաբա՜ղ…

(Ո՞վ կպատկերացներ, որ Արամ Ասատրյանի երգերից մարդու կոկորդ կարող է լցվել…)

Լսելով երգը, ես որոշեցի, որ արժե Instagram սթորի անել, քանի որ ճանապարհը նաեւ դեպի Ղարաբաղ է տանում: Կողքս Wildberries-ի տոպրակներով երկու աղջիկ են նստած, որոնցից մեկին հետաքրեց, թե արդյո՞ք ես տուրիստ չեմ: Չգիտեմ ինչու, բայց ես ասացի, որ փախստական եմ, նա էլ ասաց. Հա՛… Ասաց նաեւ, որ իր մայրիկն է Արավուսի գյուղապետը: Ես էլ ասացի, որ գնում եմ նրա հետ հարցազրույցի:

Աղջկա մայրն ու Արավուսի համայնքապետ Թեհմինե Մկրտչյանն ասում է, որ Արցախից մի ընտանիք է ապրում գյուղում: Դպրոցը չորսամյա է, փոքրերին Տեղ են մանկապարտեզ տանում ծնողները: Աշակերտներն ուսումը Տեղում են շարունակում: Ձմռանը երբեմն ջրի խնդիր է առաջնում, խոխովակները չեն դիմանում ճնշմանը: Գյուղ բերող ճանապարհին պետք է ասֆալտ փռեն: Ինչեւէ, համայնքապետը չի դժգոհում եւ հորդորում է մարդկանց գյուղ գալ եւ շենացնել այն: Բնակարան կգտնվի, ասում է տիկին Մկրտչյանը:

Մինչ գյուղապետին հանդիպելը ես Ելենա Հայրապետյանին ու իր ամուսնուն` Վալերի Մաթեւոսյանին էի հանդիպել, ովքեր երեսուն տարի Բերձոր են ապրել: (Գյուղապետը այս ընտանիքի մասին չէր ասում, որ Արցախից են): Տիկին Ելենան ասաց, որ գյուղում խանութ չկա եւ առեւտրի համար Տեղ կամ Գորիս են գնում: Ընդհանրապես, նկատվում էր, որ գյուղ ուրիշներ շատ չեն գալիս, դրա համար էլ շներին արխային բաց են թողնում գյուղացիները: Զարգացման միակ նշանը, որ ես այստեղ նկատեցի, դա Կարմիր Խաչի աջակցությամբ կառուցվող փոքրիկ բուժկետն էր, մնացածը կարող եք լուսանկարներից ենթադրել:

Տիկին Ելենան ասաց, որ ես պետք է գնամ իրենց տուն, ես էլ ասացի, որ պետք է օգնեմ տանել ծանրոցները:

Երեսուն տարի Բերձորում ենք ապրել, դեռ տուն չհասած` զրույցը սկսեց տիկին Ելենան: Մեր ամբողջ ստեղծածը թողել, մի կուզովում նստել` եկել ենք: Դա է մեր օգուտը: Ամուսինս ինսուլտ է տարել, մի կերպ փրկել ենք, ես էլ ճնշում ունեմ: Երկու թոշակառուներով ապրում ենք այս դոմիկում, ասում է նա եւ ցույց տալիս դեղերով լի կոնֆետի վազան: Հենց թոշակ ենք ստանում` անմիջապես դեղատուն: Ահա մեր բաժին տունը: Կատուն անգամ այստեղ չի ապրի: Ի՞նչ անենք, սա է իրականությունը: Ամաչում ենք անգամ հյուր ընդունել: Պատուհանները ցելոֆանով ծածկել ենք, փեչը վառել: Փայտի քառակուսի մետրն էլ 26.000 դրամ: Բայց ո՞ւմ են տուն տվել, որ ինձ տան: Սերտիֆիկատը ձեռներիս սպասում ենք: Դա պարզապես թղթի կտոր է, անունը «ոչ մի բան»: Չգիտենք, տեսնենք ի՞նչ է գալիս գլխներիս… Ի՞նչ է մնացել մեզ ապրելու, գոնե մեր մնացած կյանքն արժանապատիվ ապրենք, հերիք է ինչքան տանջվել ենք: Այս դարում մարդ տաք ջուր էլ չունենա, ձեռքերիս նայեք…

Մինչ տիկին Ելենան սուրճ էր պատրաստում, ամուսինը` Վալերին հակիրճ պատմեց Արցախի իրենց երեսուն տարվա մասին:

«Լավ» ենք ապրում, ոչինչ, ծիծաղում է նա: Թոռներս էլ մի քիչ ներքեւ են ապրում: Ոչինչ չեմ կարողացել բերել եւ փառք Աստծո: Անասունները տարել էի Մարտունու Հերհերում պահելու, քանի որ արոտավայրերն այնտեղ լավն էին: Մի լավ ընկեր եմ ունեցել այնտեղ, ով գնացել էր Հայկազով` բենզինի հետեւից, եւ… Ես էլ պիտի գնայի նրա հետ, բայց չէի գնացել, այդպես փրկվել եմ այդ սարսափելի կրակից: Մի ինքնաթափ (самосвал) մեքենայի պոզի նստել` եկել եմ… Շատ արցախցիներ են հեռացել գյուղից: Շամշադին եւ այլ բնակավայրեր են գնացել: Ահա այդտեղ նրանց պոստերը, ընդամենը հիսուն մետր: Եղբայրս էլ Աղավնու էր ապրում, չգիտեմ, ասում են ամբողջը բուլդոզորի տակ են տվել, իբր իրենց հայի սարքած տուն պետք չէ: Բայց ես չեմ հուսալքվում, արդարությունը մի օր հաղթելու է, ասում է նա:

Տրանսպորտին հասնելու համար ես Տեղ շտապեցի, բայց արդեն ուշ էր, եւ ժամանակ ունեի մի քիչ էլ Տեղ շրջել: Արավուսի ճանապարհից ինձ բուժկետի շինարարներից մեկն է վերցրել: Այստեղ ոտքով չեն քայլում, շները բաց թողած են: Բանվորների մեջ էլ Սիսիանից մարդիկ կան անտեղյակ, իրենց էլ եմ զգուշացրել: Շինարարն ինձ պատմեց, որ Տեղ 16 մլն ծրագրի շրջանակներում հիսուն տուն է կառուցվում: Հիսուներրոդ տան հիմքն արդեն շամպայնով շնորհավորել են:

Ըստ այդ ծրագրի պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչև 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարը՝ 13% տոկոսադրույքով։ Մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1․5 մլրդ դրամի վարկ: Ծրագրի մասին մանրամասներ կարող եք կարդալ այստեղ:

Ես լուսանկարեցի կիսակառույցները եւ բենզալցակայան գնացի տաքսի կամ Գորիս գնացող պատահական մեքենա գտնելու համար: Այստեղ աշխատողներն ասացին, որ կուղարկեն ինձ, մի քիչ զրուցենք…

Մեր մեծերից լսել ենք, որ ժամանակին Ղարաբաղի Արավուսից են եկել այստեղ եւ համանուն կոչել այս վայրը, ասում է նրանցից մեկը: Միթե՞ այսպես է եղել այս ճանապարհը: Մեքենաների հոսքը մի կողմ, բայց խանութները, բենզալցակայանները, բոլորը ղարաբաղցիների հաշվին էր աշխատում: Հիմա մի լիտր բենզին էլ չեմ վաճառում ամբողջ օրը: Ամենասիրելի տեղն էր Ղարաբաղն ինձ համար, ի՞նչ քաղաք էր Ստեփանակերտը: Ծախեցին…

Նա ինձ պատմում է, թե Արցախի շրջափակման ժամանակ ինչ էր տեղի ունենում բարիկադների այս կողմում:

Երբ ռուսները գալիս էին Ղարաբաղ իրենց Урал-ներով, մեջները մի հայ կար, կարծեմ Դաղստանից էր, բայց հայ էր: Ծանոթացանք, մտերմացանք, չէ որ հայ է ի վերջո: Վառելիքն այստեղ 7 հազար դրամ էր 20 լիտրը: Նրանց մեքենաները երկու հսկա բաք ունեին, ամեն մեկը 340 լիտր: Ես զարմանում էի, որ նրանք այստեղից էին վառելիք գնում: Չէ որ նրանք զորամաս ունեն եւ պետք է որ վառելիքի խնդիր չունենային: Այդ հայն ասաց, որ ղարաբաղցիներին է վաճառում է. տարան 35-40 հազարով: Ես ապշել էի… Ինչպե՞ս կարելի է նեղության մեջ գտնվող իր հայրենակիցների հաշվին հարստանալ: Իսկ վերջին անգամ երբ եկավ, պարզվեց, որ 120 հազարով է վաճառում: Պատկերացնո՞ւմ ես: Դա էլ մեր հայը…Еще добовлай, еще…, ասում էր նա:

Ի՞նչ վիճակում են հիմա ղարաբաղցիները: Գուցե տաս տոկոսը լավ է ապրում, տուն ունեն Երեւանում, բայց լսել եմ, որ այնպիսիներն էլ կան, որ բուլվարներում են գիշերում… Քսան տարի ապրել եմ այնտեղ, շրջել ամբողջ Ղարաբաղը, տեսել եմ, որ մարդիկ լավ են ապրել, դրա համար էլ այս դժվարություններին չեն կարողանում հարմարվել:

Ինձ Գորիս բերող մեքենայում էլ նույն թեման բացվեց: «Չգիտեմ ուրիշ տեղ ինչպես, բայց Գորիսում մեր սիրտը պայթում էր Արցախի շրջափակման օրերին», ասում էր վարորդը:

Մարութ Վանյան