«Լորիկ» հիմնադրամը 10 ընտանիքի ապահովել է բնակարանով

  • 12:31 20.12.2024

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամը ստեղծվեց 2020թ․ պատերազմից անմիջապես հետո։

«Լորիկ»-ը հետպատերազմական Արցախ եկած ու հաստատված Շանթ Չարշաֆճեանի նախաձեռնությունն է, որը դեռ 4 տարի առաջ օգնում էր ե՛ւ նահատակվածների հարազատներին, ե՛ւ այն մարդկանց, ովքեր օգնության անհրաժեշտություն ունեին 44 օրյա պատերազմից հետո։

Շանթը եւ Մարինեն դարձան Մարտունու լիիրավ քաղաքացիներ, տուն վարձեցին Մարտունում, ծնվեց նրանց աղջիկը եւ շրջափակման պայմաններում իմացան, որ սպասում են երկրորդ բալիկին։

Հիմնադրամի գործունեությունը այդ տարիների ընթացքում բազմազան էր՝ շրջում էին Արցախի գյուղերում մշակութային արժեքներ սերմանում, երեխաների համար տիկնիկային ներկայացումներ ցուցադրում, ջերմոցներ կառուցում, ճտեր տրամադրում և այլն։

Հիմնադրամը իր գործունեությունը չի դադարեցրել Արցախի կորստից հետո։

Վերջերս նաեւ հայտարարել է «Արցախն ապրում է» դրամաշնորհ, որի նպատակը  ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն է։

«Սիրուն չէ հրապարակել, նկարներով ցուցադրել արվածը»,- ասում է Շանթը, երբ խոսքը հատկապես զոհվածների ընտանիքներին է վերաբերում։

«Բնակարաններ ընտրելն ու գնելը շատ ավելի մեծ գումարներ ու ջանք  պահանջող աշխատանք է»,- նշում է նա եւ ավելացնում, ընտանիքների համար էլ հեշտ չէ այս ամենի մասին խոսելը։ Շահառուներն այն մարդիկ են,  որ տուն-տեղ, ընտանիքի անդամներ են կորցրել։

Արցախի կորստից հետո Շանթի ջանքերով «Լորիկ»-ը 10 տուն է ձեռք բերել՝ ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում։

«Ամենադժվարը մարդկանց բացատրել է, որ այն մեկի համար հնարավոր է, իսկ իր համար ՝ոչ։  Ես շատ լավ եմ հասկանում, որ հազարավորներն ունեն բնակարանի կարիք, բայց կան առաջնահերթություններ եւ, ցավոք, հնարավորություններն էլ ասնսահմանափակ չեն»,- ասում է Շանթը։

Բնակարաններ, տներ ձեռք բերելն իրականացնում է 2 թեւով։

«Նաեւ վերանորոգման աշխատանքներ ենք ֆինանսավորում, որ իրար մոտ գտնվող արցախցիները նույն համայնքում մնան՝ այդպես պահպանելով բարբառն ու փոքրիկ համայնքների ստեղծումը»,- նշում է Շանթը։ Այդպիսի 6 բնակարան է վերանորոգվել «Լորիկ»-ի միջոցներով։

Կան ընտանիքներ, որոնց համար բնակարան ձեռք է բերվել Երեւանում, բայց հիմա հիմնադրամի կարեւոր նպատակներից մեկը ՀՀ մարզերում բնակարաններ ձեռք բերելն է, որովհետեւ երեւանյան գնով կարելի է 2 ընտանիքի օգնել։

«Չեմ ստիպում, որ որեւէ մեկը փոխի իր բնակության վայրը, այլ համայնք գնա, բայց եթե հնարավոր է նույն գումարով մի քանի ընտանիքի կարիք հոգալ՝ դա եմ նախընտրում»,- ասում է Շանթը, հավատով, որ  Տավուշից, Մեղրիից սկսելով գործը, մի օր կհասնի Երեւան։

«Լորիկ»-ի գլխավոր նախապայմանը՝ 10 տարի այդ բնակարանում ապրելն է, որից հետո միայն  բնակարանը կամ տունը կանվանափոխվի տանտիրոջ անունով։ Սրա նպատակը արտագաղթի դեմ պայքարելն է, որպեսզի արցախցի ընտանիքները մնան մեծ հայրենիքում։

Թեեւ չի ուզում ցուցադրել, թե հերթական մեծ նվերը, որ ընտանիքին է արել, բայց Շանթն իր սոցիալական էջերում պարբերաբար հրապարակում է տնօրհնեքի նկարներ, ավետելով, որ մի ընտանիք եւս մշտական կացարան ունեցավ։

Մինչ վերջնական՝ ցանկալի նպատակին հասնելը, Շանթը պարբերաբար բոլոր հնարավոր եւ անհնար ձեւերով դրամահավաք է կազմակերպում եւ պատասխանատու է ամեն հավաքագրված գումարի համար։

«Լորիկ»-ին կարող եք աջակցել եւ օգնել արցախցի ընտանիքների համար տուն ձեռք բերելու գործընթացին՝ այստեղ։

Մարիամ Սարգսյան

f