Եվրամիության և ՆԱՏՕ-ի նոր առաջնորդները, Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց, Ուկրաինայում Ռուսաստանի առաջխաղացումից և Սիրիայից փախուստից հետո, Բրյուսելում անցկացրին 2024 թվականի ԵՄ վերջին գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի կոմյունիկեի մեջ ասվում էր. «Ռուսաստանը չպետք է հաղթի»։ Սա առաջին դեպքն է, երբ նման արտահայտություն ընդգրկվում է Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ բարձրագույն մարմնի՝ Եվրոպական խորհրդի եզրակացություններում, և տեքստը հավանության է արժանացել ԵՄ բոլոր 27 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից։
Եվրոպական լրատվամիջոցները խոսում են ուկրաինական հարցում 27 առաջնորդների “հրատապության, վճռականության և համախմբվածության” մասին։ Եվրախորհուրդը կարգադրել է որքան հնարավոր է շուտ Ուկրաինային մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգեր, զինամթերք և հրթիռներ, ինչպես նաև ուկրաինական բրիգադներին տրամադրել անհրաժեշտ ուսուցում և տեխնիկա։
Սակայն նախագահ Զելենսկին, ով այդ ժամանակ գտնվում էր Բրյուսելում, ասաց, որ առանց Միացյալ Նահանգների Ուկրաինային օգնությունը բավարար չէ։ Միայն Ուկրաինան չէ, որ կասկածում է ինքն իրեն պաշտպանելու Եվրոպայի ունակությանը։
Եվրոպան վերջին մի քանի տարիների ընթացքում իրեն անկյուն է քշել՝ խրախուսելով Ալիևին, Էրդողանին և Նեթանյահուին հակամարտությունները ուժով լուծել: ԵՄ կողմից Արցախում 2020-2023 թթ. տեղի ունեցած ահաբեկչական պատերազմի արդյունքների փաստացի ճանաչումը առաջացրեց «ուժային լուծոմների » մի ամբողջ ալիք։
Երբ պարզ դարձավ, որ համաշխարհային հանրությունը «հավանել է» 2020 թվականին Արցախը զավթելու ռուս-թուրքական ծրագիրը, 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և գրավեց նրա տարածքների մի մասը։
Իսկ 2023 թվականի հոկտեմբերի սկզբին Արցախի բնիկ հայ բնակչության տեղահանությունից անմիջապես հետո, որը ԵՄ-ն համարեց ընդամենը «մարդասիրական խնդիր», Իսրայելը գործողություն սկսեց Գազայում։
2024 թվականին Սիրիան էր, իսկ Դոնալդ Թրամփը վերջերս ասաց, որ Սիրիայի ապագայի բանալիները Թուրքիայի ձեռքում են։ Երեկ ԵՄ-ն հայտարարեց, որ մտադիր է համագործակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ։
Եթե Էրդողանը, Ալիևը և Նեթանյահուն կարող են դա անել, ապա ինչո՞ւ Պուտինը չի կարող: Եվ ոչ միայն Ուկրաինայում։ Արցախի հարցում փարիսեցիության ֆոնին Ուկրաինային օգնելու վճռականության մասին ԵՄ հայտարարությունները անլուրջ են թվում։ Եվ իզուր չէ, որ Զելենսկին ասում է՝ ԵՄ-ն առանց ԱՄՆ-ի չի օգնի։
Եվրոպան, չդատապարտելով Արցախի օկուպացիան և բնիկ բնակչության տեղահանությունը, իրեն զրկեց պաշտպանվելու հնարավորությունից։ Եվ կասկած չկա, որ ուժային լուծում փորձարկած ագրեսորները մի կտոր էլ Եվրոպայից կպոկեն։ Դա ոչ ոք չի էլ թաքցնում։