Արցախի Ազգային ժողովի ապագայի մասին դեռ որոշում չկա

  • 19:33 20.12.2024

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

Պարոն Բալայան, 2025 թվականի մայիսին ավարտվում է Արցախի Ազգային ժողովի գործունեության ժամկետը, ինչպե՞ս եք պատերացնում հետագա գործունեության հնարավորությունը։

– Երեւի համապատասխան որոշում կկայացվի, որովհետեւ ընդհանուր առմամբ անհրաժեշտություն է արցախահայության իշխանության մարմինները պահելը։ Արցախի հարցը փակված չէ, եւ պետք է մի մարմին, որ կկարողանա այդ աշխատանքը կոորդինացնել, մյուս կողմից էլ ներկայացնել արցախցիներին։ Տվյալ դեպքում լավագույն ձեւը ժողովրդի կողմից ընտրված մարմինն է։ Իսկ հետագայում, թե ինչ ձեւով դա կարվի, ժամանակի հետ այդ քայլերը կկատարվեն։

-Այսինքն՝ նոր ընտրություններ կկազամակերպվեն, թե՞ գործող Ազգային ժողովի ժամկետը կերակարաձգվի, ո՞ր տարբերակն է քննարկվում։

-Տարբեր ուղղություններով մոտեցումներ ու առաջարկություններ կան, պարզապես պետք է տեսնել, թե որն է ամենաօպտիմալը եւ իրավական տեսանկյունից ընդունելին։ Առայժմ որոշումներ չկան։

-Հայաստանում ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի խորհրդարանական ընտրությունների անցկացկումը։

-Կարծում եմ, որ այդ հարցում նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունն էլ պետք է իր վերաբերմունքը փոխի։ Այն հայտարարությունները, թե Արցախի իշխանության գոյությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, իրականում դա այդպես չէ։ Ընդհակառակը, մենք տեսնում ենք Ադրբեջանի օրեցօր մեծացող պահանջները։ Այս վերջին շրջանում ավելի շատ են շրջանառության մեջ դրել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությունը։ Նրանք ինչ-որ բան են մոգոնել եւ փորձում են համաշխարհային հանրությանը ներկայացնել, որ Հայաստանի ներկայիս տարածքն իբր թե «Արեւմտյան Ադրբեջան է»։ Իրենք իրենց սուտը ներկայացնում են, գոնե մենք կարողանանք մեր ճշմարտությունը ներկայացնենք։ Այս տեսանկյունից, կարծում եմ, հենց ՀՀ իշխանություններին շահավետ կլինի աշխարհի հետ խոսել։ Այսինքն՝ այդ ամենը ներկայացնել, ինչո՞ւ ոչ, մեզ պաշտպանելու եւ գործելու հնարավորություն ստեղծելու համար։

-Արցախի քաղհասարակությունը, ՀԿ-ները մոբիլիզացվել են, բարձրաձայնում են արցախցիների խնդիրները՝ դիմելով նաեւ միջազգային հանրությանը։ Նրանք ասում են, որ Արցախի իշխանությունները կաշկանդված են Հայաստանի իշխանություններից եւ չեն ներկայացնում արցախցիների շահերն այնպես, ինչպես պետք է ներկայացնեին։ Ինչպե՞ս կարձագանեք սրան։

-Մեկը մյուսին չի խանգարում, այսինքն՝ հասարակական կազմակերպություններն էլ կարող են աշխատել։ Ընդհակառակը, դա կլրացնի իշխանության գործունեությունը, լրացուցիչ հնարավորություններ կստեղծվեն։

-Իսկ ինչո՞ւ են արցախցիները դժգոհ, որ չեք անում այն աշխատանքը, որն ի պաշտոնե պետք է անեինք։

-Այնպես չէ, որ Արցախի իշխանությունները գոհ են ստեղծված իրավիճակից կամ կատարվող քայլերից։ Որոշ բաներ արվում են, շատ դեպքերում նույնիսկ հասարակությունը տեղյակ չի լինում այդ ամենի մասին։ Դա նորմալ է, եթե որոշակի դժգոհություն կա, ուրեմն ավելի ակտիվ քայլերի անհրաժեշտություն կա։

Ռոզա Հովհաննիսյան

f