Ռեաբիլիտացիան ոչ միայն քաղաքացիների առողջական վիճակի բուժումն ու բարելավումն է, այլև հասարակության մեջ անկախ և հավասար կյանքի համար առավելագույն անկախության և պատրաստակամության հասնելու գործընթաց:
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնն իր հիմնադրման օրվանից զբաղվում է Արցախի բնակչության առավել խոցելի խավերի ռեաբիլիտացիայով։ Արցախից բռնագաղթումից հետո Կենտրոնը հասարակական կազմակերպության ավելի նեղ ձեւաչափով շարունակում է իր գործունեությունը` իրականացնելով մի շարք ծրագրեր։
Օրինակ, այսօր ավարտվել է «Զարգացում և ինտեգրում» վեցամսյա ծրագիրը, որն իրականացվել է «Լուսե վերականգնողական կենտրոնի» հիման վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային հիմնադրամի աջակցությամբ։
«Ծրագրի շրջանակներում շաբաթ և կիրակի օրերին անցկացվել են խմբակային պարապմունքներ՝ Արցախից և Հայաստանից տարբեր ախտորոշմամբ 100 երեխաների և դեռահասների մասնակցությամբ՝ աուտիզմ, Դաունի համախտանիշ, ուղեղային կաթված և այլն։ Երեխաները բաժանվել են չորս խմբի։ Դասերի ընթացքում նրանց հետ աշխատել են տարբեր մասնագետներ՝ ֆիզիոթերապևտներ, էրգոթերապևտներ, արտթերապևտներ, հոգեբաններ, լոգոպեդներ և հատուկ մանկավարժներ։ Խորհրդակցություններ են անցկացվել նաև ընտանիքի անդամների հետ՝ նրանց ծանոթացնելու վերականգնողական գործընթացին՝ այն տանը շարունակելու համար։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանցից շատերն ապրում են Հայաստանի հեռավոր անկյուններում, և նրանց տեղաշարժը կապված է լրացուցիչ ծախսերի հետ, մենք հոգացինք տրանսպորտային ծախսերը։ Ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ բաների, կազմակերպվել են հետաքրքիր ժամանցային միջոցառումներ:
Երեխաների և նրանց ծնողների հետ այցելեցինք Հայաստանի գեղատեսիլ անկյունները՝ տեսարժան վայրեր, մշակութային և պատմական հուշարձաններ։ Այցելեցինք Սեւան, որտեղ շատերին բախտ վիճակվեց առաջին անգամ լողալ լճում ու հաղթահարել վախը։
Ծրագիրը խթան հանդիսացավ հատուկ կարիքներով երեխաների հասարակությանը ինտեգրելու համար: Երեխաները դարձան ավելի անկախ, շփվող, գտան նոր ընկերներ, սովորեցին թիմում աշխատել: Այս բոլոր գործողությունների արդյունքում հիվանդները որոշ չափով հաղթահարեցին իրենց թերարժեքության բարդույթը, ինչպես և ծնողները, ովքեր ծանոթացան վերականգնողական գործընթացի առանձնահատկություններին և սկսեցին այլ կերպ նայել կյանքին։ Նրանք բոլորն էլ անսահման երախտապարտ են և անհամբեր սպասում են նախագծի շարունակությանը:
Կշարունակվի, թե ոչ, դեռ վաղ է ասել։ Մենք նույնպես մեծ ցանկություն ունենք հետագայում աշխատելու այս ուղղությամբ, սակայն ամեն ինչ կախված է հետագա ֆինանսական աջակցությունից»,- Step1,am-ի հետ զրույցում ասաց Ք.Քոքսի վերականգնողական կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Ղազարյանը։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: