“Կինը Կնոջ համար”՝ ուժ, որը զորեղ է

  • 19:53 22.12.2024

Տեղի ունեցավ «Կինը Կնոջ համար»  նախաձեռնության առաջին դեմ առ դեմ հանդիպումը։ Թումանյանս արտ սրճարանում նախաձեռնության հեղինակները հյուրընկալել էին 30 արցախցի կանանց, ովքեր այժմ ապրում են Արարատի եւ Լոռու մարզերում եւ ունեն սեփական փոքրիկ բիզնես նախաձեռնությունները։

Կինը կանանց համար նախաձեռնության հեղինակները բարեգործական տարբեր միջոցառումները սկսել են  դեռեւս 2020թ-ից հետո, հասկանալով, որ կինը լավագույնս կարող է դառնալ առաջնորդ եւ օգնել ոչ միայն կանանց, այլ բոլորին։

«Կանայք անցնում են բիզնես ծրագրերի դասընթաց, որից ստացած գիտելիքները կբավարարեն հետագայում իրենց բիզնես գաղափարները իրականացնելու ժամանակ։

Այսպիսի ոչ ֆորմալ հանդիպումները այլ կանանց հետ մոտիվացիայի մեծ աղբյուր են, գիտելիք եւ մենթորական աջակցություն են ստանում, որպեսզի  ավելի պատրաստված անցնեն հետագա փուլերը եւ չբախվեն նույն խնդիրներին»,-  Step1-ի հետ զրույցում նշել է նախաձեռնության հեղինակ Հռիփսիմե Խանզադյանը։

Մարինե Թեւանյանը ծրագրի մասնակիցներից է։ Վերջերս է մասնակցել Ինոբիս կրթական հիմնարկության դրամաշնորհային ծրագրին եւ հաշել։

«Ստեփանակերտում 2012թ-ից ունեի սեփական հրուշակագործության կետ, հիմա էլ փորձում եմ այստեղ շարունակել աշխատանքներս։ Հայանիստ գյուղում եմ ապրում, դրամաշնորհի շնորհիվ էլեկտրական գրտնակ, մեծ վառարան եւ նմանատիպ անհրաժեշտ իրեր են տվել՝ աշխատանքս ավելի մեծ ծավալով շարունակելու համար»,- նշել է Մարինեն։

Ծրագրի մասնակիցներից Շահանե Փիլոսյանն էլ Մարտակերտից է տեղափոխվել Վեդի։

«Սրբիչներ եւ խալաթներ եմ ուզում կարել։ Կարի մեքենաները դեռ երեկ են բերել» –  նշում է նա ու ավելացնում, որ մեծ սպասելիքներ ունի իր փոքրիկ բիզնեսից։

Մասնակիցների հետ իր փորձով կիսվել է նաեւ Քրիստին Բալայանը, ով Ստեփանակերտում սրճարան բացելուց հետո, տեղահանվել ու Երեւանում է վերաբացել իր փոքրիկ սրճարանը։ Նոր ուժերով վերաբացված Թումանյանս արտը հավաքատեղի եւ ջերմ անկյուն է արցախցիների համար, որտեղ նաեւ այսպիսի մոտիվացնող միջոցառումների պակաս չի լինում։

Նախաձեռնության ամանորյա անակնկալը յուրօրինակ էր։

6 կանայք ներկայացրին իրենց բիզնես գաղափարները, որոնցից քվեարկությաբ ընտրված մեկ բիզնես գաղափար ստացավ փոքրիկ դրամաշնորհ՝ գործը սկսելու համար։

Մարիամ Սարգսյան

f