Ցանկանում եմ, որ բոլոր արցախցիներն էլ տուն ունենան․ Անահիտ Գրիգորյան

  • 11:53 23.12.2024

2024 թվականի հունիսի 15-ից Արցախից բռնի տեղահանվածների բնակարանաշինության, բնակարանային ապահովության ծրագիրն ուժի մեջ է մտել՝ ըստ որի այն իրականացվելու է երեք փուլով՝ հինգ տարվա ընթացքում։ Արցախից բռնի տեղահանվածները կարող են դառնալ ծրագրի շահառու: Ծրագրի շահառու դառնալուն պես, ընտանիքի յուրաքանչյուր անդամ կունենա աջակցության որոշակի չափ՝ հավաստագրի տեսքով: Այդ հավաստագրերն իրենք կարող են ուղղել կոնկրետ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելուն, կառուցելուն: Աջակցության չափը՝ կախված բնակավայրից, 3-5 միլիոն դրամ է՝ յուրաքանչյուր անձի մասով:

Հավաստագիր ստացած ընտանիքներից է Ստեփանակերտ քաղաքից տեղահանված Գրիգոր և Անահիտ Գրիգորյանների ընտանիքը։

Գրիգորյաններն Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մրգավան գյուղում են բնակություն հաստատել։

Որպես բազմազավակ ընտանիք և ընդգրկվելով առաջին փուլի մեջ՝ օգտվել են ՀՀ կառավարության արցախցիներին տրամադրվող բնակապահովության ծրագրից ու ստացել հավաստագիր։

– Մեր ընտանիքը վերաբնակեցման ծրագրով տարիներ առաջ է Արցախ տեղափոխվել։ Այնտեղ մենք ստացել ենք Արցախի Հանրապետության քաղաքացիություն, որպես բազմազավակ ընտանիք մեզ տուն է տրամադրվել։ 2023-ի սեպտեմբերի 28-ին ենք բռնատեղահանվել Արցախից ու հաշվառվել Հայաստանում։ Սակայն մեզ փախստականի կարգավիճակ չի տրվել՝ պարզաբանելով, որ ՀՀ-ում ենք ծնվել։ Միանգամից մեզ տրվել է ՀՀ քաղաքացիություն։ Հետո իմացանք բնակապահովության ծրագրի մասին և դիմեցինք Արտաշատի միասնական սոցիալական ծառայությանը։

Ծրագրին մասնակցելու գլխավոր պայմանը ՀՀ քաղաքացիություն ստանալն է, իսկ դա մեզ արդեն իսկ տրվել էր։ Օրեր առաջ մեզ տեղակացրին, որ մեր դիմումը հաստատվել է, պետք է բնակարան գտնենք։ Մտածում ենք տուն ձեռք բերել Աշտարակ քաղաքում։ Ճիշտ է, այդ գումարով հնարավոր չի լինի նորմալ պայմաններով տուն գտնել, սակայն կփորձենք փնտրել։

Տեղահանվելուց հետո ամուսինս աշխատանք է գտել իր մասնագիտությամբ․ նա շինարար է։ Արցախում ևս շինարարությամբ էր զբաղվում։ Ես դեռևս չեմ աշխատում։ Ստեփանակերտում ունեինք մանկական գեղեցկության սրահ։ Նպատակ ունենք այստեղ ևս վերաբացել ու եկամտի աղբյուր ունենալ։ Փառք եմ տալիս Աստծուն, որ ողջ ու առողջ ենք մնացել։ Տղաս՝ Հովհաննեսը, սեպտեմբերի 25-ի պայթյունի ժամանակ այնտեղ էր։ Այրվածքներ է ստացել, հիմա արդեն լավ է։ Պարտավոր ենք կրկին ստեղծել, ձեռքներս ծալած չնստել ու ապրել արժանապատիվ կյանքով։ Շնորհակալ եմ, որ տուն ձեռք բերելու հնարավորություն է ընձեռվել մեզ։ Վարձով ապրելը շատ դժվար է։ Ցանկանում եմ, որ բոլոր արցախցիներն էլ տուն ունենան,-ասում է Անահիտը։ Միաժամանակ ավելացնում է՝ երբեք չի մարում Արցախ վերադառնալու հույսը։ Եթե վերադարձ լինի՝ առաջինների շարքում են լինելու։ 5 երեխաների ու ամուսնու հետ սրտատրոփ այդ օրվան են սպասում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

f