Արցախն է՞լ է ԼՂ-ի վերածվել մինչև 2018թ.․ Ամեն ինչ կարելի է մարդավարի անել, չոտնահարելով արժանապատվությունը

  • 12:52 23.12.2024

Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց արդարացնել իր վերաբերմունքը Արցախի նկատմամբ՝ սոցցանցերում գրելով, որ «1994-ի զինադադարից հետո բանակցություններ են վարվել, թե ինչպես ԼՂ-ն վերադարձնել Ադրբեջանին»։ Նա ասաց, որ այս մասին իմացել է փաստաթղթերին ծանոթանալուց հետո, սակայն իր «հայտնի հայրենասիրությունից» ելնելով չի ցանկացել համակերպվել ու հանրությանը տեղեկացնել։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը և իր կուսակցությունը մի քանի տարի համառորեն Արցախն անվանում են անսեռ «ԼՂ», արցախցիներին՝ տեղահանվածներ, «սիրելի եղբայրներ և քույրեր», ինչ ասես, բայց ոչ արցախցիներ։ Արցախի ամբողջական օկուպացումից և բնիկ բնակչության տեղահանումից հետո Արցախի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը ընդգծված հեռավոր է՝ որպես բորոտների, որոնց կարծես պետք է օգնել, թեկուզ գիտես, որ անիմաստ է։ Արցախցիների քաղաքական իրավունքները միտումնավոր անտեսվում են, սոցիալական ծրագրերն այնպես են կազմվում, որ աղմուկը շատ է, իմաստը քիչ է (խոսքն առաջին հերթին բնակարանային ու զբաղվածության ծրագրերի մասին է)։

Սա ե՞ւս փաստաթղթերում գրված էր եղել մինչև 2018թ։ Արդյո՞ք այնտեղ գրված էր, որ ԼՂ-ի հայերին պետք է արտաքսել, յուրացնել նրանց ողջ ունեցվածքը, իսկ արցախցիներին՝ անիրավ փախստականների վերածել, որպեսզի Փաշինյանը ապացուցի, որ ՀՀ քաղաքացի չեն։ Իսկ ո՞ւմ քաղաքացիներին է Հայաստանը, այդ թվում՝ 2018 թվականից հետո և մինչ այժմ, ՀՀ անձնագրեր տրամադրել։

Եվ եթե անգամ ստեղծված իրավիճակի պատճառները գլոբալ ու ինչ-որ չափով օբյեկտիվ լինեին, ամեն ինչ կարելի է անել մարդավարի՝ առանց քո ժողովրդի պատիվը ոտնահարելու ու արժանապատվության վերջին մնացորդները քամուն տալու։

f