“ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների հոսքը տարեվերջին նվազել է”

  • 14:49 23.12.2024

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դեկտեմբերի 20-ի դրությամբ դիմել է 6649 արցախցի։ ՀՀ քաղաքացիություն է շնորհվել նրանցի 5210-ին։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների հոսքը տարեվերջին նվազել է։ «Տարվերջ է, եւ դիմումների թվի անկում կա։ Մեկ ամիս առաջ դիմումների տեմպերն ավելի բարձր են եղել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման է, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքները պետք է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերեն։

Հարցին, թե վերլուծություններն ի՞նչ են ցույց տալիս, արցախցիները մտադի՞ր են այս ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, թե՞ սպասված հոսքը չկա, Նելլի Դավթյանը պատասխանեց․ «Մեր վերլուծության արդյունքում մենք հետեւյալ երզահանգմանն ենք եկել, որ բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար առաջին փուլով երեք եւ ավելի անչափահաս ունեցող ընտանինքերի չափահաս անդամները կարծես թե ամբողջ ծավալով արդեն դիմել են։ Բնականաբար, սրանք նույնականացված վերլուծություններ չեն, մենք անուն-ազգուններով չենք ստուգում, այլ քանակն ենք համեմատում, թե քանի ընտանիք ունենք, որտեղ կան երեք եւ ավելի անչափահաս զավակներ, եւ արդյոք այդ ընտանիքների կազմից կան ՀՀ քաղաքացիություն չունեցող եւ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք։ Այս իմաստով առաջին փուլի շահառուների հավակնորդ ծավալը մոտավորապես ծածկված է»։

Ռոզա Հովհաննիսյան

f