Ավետարանոցի բնակիչների հաջորդ հանդիպումը 2025-ի հունվարի 2-ին Եռաբլուրում է լինելու

  • 17:57 23.12.2024

Սմբատ Մադաթյանի գլխավորությամբ

Սմբատ Մադաթյանն Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի ղեկավարն էր բռնի տեղահանվելուց հետո հաստատվել է Երևան քաղաքում, իսկ որոշ ժամանակ անց տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։

Մելիքանիստ Ավետարանոցի բնակչությունն առաջին անգամ տեղահանվել է 2020 թվականին։ Նրանք բնակություն են հաստատել Արցախի տարբեր բնակավայրերում՝ միշտ երազելով տուն վերադառնալու մասին։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերին կորել է վերադարձի հույսը, ավելին՝ հայաթափվել է ողջ Արցախը։ Ավետարանոցի բնակչությունը սփռվել է աշխարհով մեկ։

Անկախ նրանից, որ համայնքի նախկին ղեկավարն ապրում է ՌԴում, չի դադարում ապրել համագյուղացիների հաջողություններով ու խնդիրներով, գիտի բոլորի բնակության վայրն ու կոնտակտային տվյալները։ Նա այն կարծիքին է, որ այսօր, ավելի քան երբևէ, պետք է համախմբված լինել ու չկորցնել իրար հետ կապը։

 Պատմում է՝ 2020-ից հետո ինչպես են կարողացել դիմանալ գյուղի կորստին, ապա՝ Արցախի հայաթափմանը

-2020 թվականին մեր գյուղում ապրում էր 254 ընտանիք՝ 1210 բնակիչներով։ 44-օրյա պատերազմից հետո, երբ տեղահանվեցինք ու ինձ համայնքի ղեկավար նշանակեցին, առաջինը, որ գիտակցեցի, այն էր, որ պիտի տեր կանգնեմ համայնքի բնակչությանը։ Մարդիկ չէին կարողանում հարմարվել գյուղի կորստին, անօգնական ու սթրեսային վիճակում էին։ Ծանր օրեր էին, ցավը հաղթահարելու համար մեծ ուժ էր պետք։ Հենց այդ պատճառով Ստեփանակերտ քաղաքում գրասենյակ վարձակալեցինք ու սկսեցինք համակարգել աշխատանքները, մեր շուրջը հավաքել համագյուղացիներին։

Սկզբից շատ դժվար էր, սակայն կարողանում էինք հաղթահարել խնդիրները, աջակցել անօթևան մնացած բնակչությանը։ 2023-ի սեպտեմբերի իրադարձությունները մեր ժողովրդի համար իսկական աղետ էին, որից հետո կրկին դռնեդուռ ընկանք։ Հայաստանում հաստատվելուց հետո շարունակեցի ամուր պահել կապը համագյուղացիներիս հետ։ Տեղեկություններ ունեմ յուրաքանչյուրի գտնվելու վայրի և կոնտակտային տվյալների մասին։ 12 ընտանիք տեղափոխվել է ՌԴ, 3 ընտանիք՝ այլ երկրներ, իսկ մնացածներն ապրում են Հայաստանում։ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանաշինության, բնակարանային ապահովության ծրագրով 2 ընտանիք բնակելի տուն է ձեռք բերել։  Անցած տարի գյուղի ակտիվ երիտասարդների հետ այցելություններ ենք ունեցել մարզերում բնակվող մեր հայրենակիցներին։ Շատերն արդեն ինտեգրվում են նոր միջավայրին, աշխատում են, ստեղծում են իրենց սեփական բիզնեսները։

Բնակվելով Ռուսաստանում՝ չի դադարում կապ հաստատել ավետարանոցցիների հետ

-Մեր համագործակցությանն օգնում է “Ավետարանոցի համայնք” ֆեյսբուքյան էջը, որը ստեղծվել է 2020-ի տեղահանությունից հետո։ Էջի միջոցով մարդկանց իրազեկում եմ նորությունների մասին, որը շատ կարևոր է նրանց համար։ Ինչքան էլ հեռու լինենք Արցախից ու իրարից, միևնույն է՝ շարունակում ենք ապրել Արցախով ու հայրենի գյուղով։ Ֆեյսբուքյան էջում տեղադրում եմ հարսանիքների, ծնունդների, մահվան դեպքերի մասին, ինչպես նաև հայտարարություններ տարբեր միջոցառումների վերաբերյալ։

Մեր համագյուղացի Կամո Աթայանի նախաձեռնությամբ և մի շարք բարերարների աջակցությամբ լույս է տեսել Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցի 150-ամյակին նվիրված գիրքը, կազմակերպվել է գեղեցիկ միջոցառում, որին մասնակցել են մեր համագյուղացիները։ Այդ միջոցառումը նշանակալից էր և ուներ մեծ խորհուրդ։

Կարծում եմ՝ թեկուզ դժվարությամբ, բայց ավետարանոցցին կկարողանա ոտքի կանգնել՝ պահելով արցախյան իր կոլորիտը, լեզուն և ավանդույթները։ Մենք պետք է առաջ նայենք, քանի որ այլընտրանք չունենք: Ամեն ինչ հնարավոր է նորից ստեղծել․ միայն Հայրենիքն է, որ կորցրինք անվերադարձ։ Չեմ կարծում, որ այդ ցավը երբևէ կանցնի:

Սմբատ Մադաթյանի գլխավորությամբ՝ ավետարանոցցիների հաջորդ հանդիպումը 2025-ի հունվարի 2-ին Եռաբլուրում է լինելու

-2020-ի 44-օրյա պատերազմից հետո, 4 տարի շարունակ մենք հավաքվում ենք Երևանի “Եռաբլուր” զինվորական պանթեոնում։ Այս տարի ևս կկազմակերպենք մեր հարգանքի տուրքը Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված տղաների հիշատակին։ Առաջին պատերազմում զոհվել է 32, 44-օրյա պատերազմում՝ 10, իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ին՝ 2 ավետարանոցցի։ Մեկ համագյուղացի զոհ է դարձել սեպտեմբերի 25-ի պայթյունին։

Նույն օրը նախատեսում ենք այցելել բոլոր զոհվածների ընտանիքները, շնորհավորել նրանց Նոր տարին և նվիրել “Ավետարանոցի դպրոց-150” գիրքը։

Մեր տղաներին ու նրանց ընտանիքներին այցելելու ավանդույթը կշարունակվի այնքան, քանի կապրենք մենք ու մեր սերունդները։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

f