Նոր 2023 տարին էինք սպասում, գլոբալ վերլուծություններով, լոխ լավա ինան

  • 06:19 24.12.2024

Երկու տարի առաջ մունք էլ էին տոնածառ զարդարում: Մունք էլ էինք ուզում մտնել նոր տարի: Պիտաչոկում սինկլիտն ասում էր «լոխ լյավա ինելու»: Սպասեք, Ռուսաստանի պատերազմ, Ուկրաինա ու արաբական աշխարհ: Ծերերը Փոքր Կովկասով չէին սահմանափակվում, երբ խոսում էին քաղաքականությունից:

Քաղաքում համառ զարդարում էին տոնածառերը: Արմո պապիկն ասում է, որ նախագահականի եղեւնիները Նալչիկից էին բերել սովետական տարիներին: Եղեւնու ամեն մի շերտը մի տարի է: Այդպես կարող եք իմանալ դրանց տարիքը: Արցախբանկի դիմացի եղեւնին օրինակ տաս տարուց ավել տարիք ունի: Իսկ ութերրորդ դպրոցի տնջիրիները հույներն են տնկեր, պատմում էր նա:

Շուկայում էլ հետ չէին մնում մարդիկ, երբ բանը քաղաքականությանն էր հասնում: Կանաչի կուտենք` բոստանով յոլա կգնանք, եկեք մի քիչ սպասենք …Ամերիկան, Սփյուռքն ու Եվրոպան, գնահատականներ էին տալիս վաճառականները:

Շուկայում ողբերգական ավարտի նախանշանները պարզ երեւում էին, չնայած մարդիկ լավատես, կամ այդպես էին ձեւացնում: Աչքի առաջ ամեն ինչ սպառվում էր: Սադախլոյի ջինսերի պահանջարկ էր արդեն առաջանում: Զինսեր, որի վրա տարիների փոշի կար:

Բոլորն ուզում էին լավատես լինել: Երբ ես խնդրեցի լուսանկարել այս երեխաներին, դաստիարակներն սկսեցին հորդորել երեխաներին, որ Like ցույց տան: Լուսանկարել ի դեպ շատ դժվար էր ստացվում: Չեր ստացվում տեսախցիկն անգամ բարձրացնել (մորեխը ծանրություն, ինչպես Աստվածաշունչն է ասում):

Արցախի շրջափակման օրերին Ստեփանակերտում English Club ու հուշանվերների խանութ էր բացվում (ծմերուկով հարսանիք եւ այլն… շատերը կհիշեն դետալները): Մարդիկ ապրել էին ուզում` աշխարհի ռիթմից չէին ցանկանում հետ մնալ: Բայց կյանքն իր կանոներն էր թելադրում, կատաղած, վայրի գետի նման քշում` տանում է իր հունով եւ հանդարտվում ծովում ի վերջո…

Մարութ Վանյան/Step1.am

Լուսանկարները` 20-21-22-23 դեկտեմբեր 2022 

f