Առաջնորդեք արցախցիների մեծ վերադարձը․ ինչ է Փաշինյանը խոստացել Ալիեւին

  • 08:06 24.12.2024

Իշխանամետ ալիքների էկրաններին հայտնվում են հաճելի արտաքինով երիտասարդ քաղաքագետներ, որոնց, ըստ երեւույթին, խնդիր էր դրված հայտարարել Արցախի ու արցախցիների խնդրի վերջնական լուծումը։

Շատ հաճելի արտաքինով այս երիտասարդները վստահորեն ասում են, որ ղարաբաղցիները երկու տարբերակ ունեն՝ կամ ինտեգրվել, կամ վերադառնալ։ Ինչո՞ւ չի կարող Հայաստան եկած 120-ից առնվազն 10 հազար ղարաբաղցիներ հավաքվել, մերժել սեփական կոռումպացված ղեկավարներին, կազմել ու ներկայացնել վերադարձի ծրագիր։ Փրփուրը բերանին՝ քաղաքագետներից մեկը վրդովվում է, որ ղարաբաղցիները չեն տապալում իրենց իշխանությունը, թեև այդ իշխանության մեծ մասն արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում է Բաքվի բանտում։ Ալիեւն էլ, ըստ երեւույթին, եւս վրդովվել է, որ նրանք ղարաբաղցիներին թալանել են, եւ ձերբակալել է։

Ես չեմ տեսել, որ ղարաբաղցիները հավաքվեն ու վերադարձ պահանջեն, ասում է մեկ այլ քաղաքագետ։

Օպերայի սրճարանում նա ակնհայտորեն հպարտանում է, որ իր նախնիները եկել են Էրզրումից, որտեղ մեծ կալվածքներ են թողել։ Բայց նա երբեք չի հարցրել, թե ինչու իր նախնիները 100 տարի չեն կարողացել վերադառնալ իրենց տները:

Ինչպես Հալեպում ծնված Վարդան Օսկանյանը, որը շրջում է աշխարհով մեկ և համոզիչ կերպով պնդում, որ ղարաբաղցիները պետք է իրավունք ունենան վերադառնալու։ Քանի՞ անգամ էին Օսկանյանի նախնիները վերադառձել այնտեղ, որտեղից վտարվել էին 1915 թվականին Դեր-Զորով։

Հայոց ցեղասպանությունից հետո 100 տարի հայրենադարձության ոչ մի ալիք չի եղել, ընդհակառակը, մնացածները կա՛մ իսլամացվել են, կա՛մ “հայրենադարձվել” ԽՍՀՄ, որ հետո ենթարկվեն դաժան բռնաճնշումների և քշեն կոտորելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Արցախցիների վերադարձի կամ ինտեգրման մասին թեզը իշխանամետ լրատվամիջոցները պատահական չեն «թարմացրել»։ Սա մի կողմից ակնարկ է, որ շուտով կդադարեցվի բոլոր աջակցությունը «ինտեգրված» արցախցիներին։ Մյուս կողմից, սա խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն Ալիևին խոստացել են “վերադարձնել” ղարաբաղցիների մի քանակ։ Իզուր չէ, որ Ալիևը Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարներին մեղադրում է «բնակչությանը տեղահանելու» մեջ։ Ալիեւին անհրաժեշտ էր, որ այնտեղ մնար բնակչության մի մասը։

Մենք դեմ չենք վերադառնալուն, բայց օրինակ եղեք, առաջնորդեք հայերի մեծ վերադարձը, պատրաստակամություն հայտնեք ղարաբաղցիների հետ հաստատվել ասենք Հադրությում, վերցնել Բաքվի անձնագիր, ձեր որդուն ուղարկեք թուրքական բանակ, եւ հազարավոր ղարաբաղցիներ կհետևեն ձեզ: 

f