Օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել համագորկացել իրենց հետ՝ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու քրեական գործերի շրջանակներում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրած ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանի այս առաջարկին, ասաց․ «Սա հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա եւ լրացուցիչ քաղաքական լծակ ՀՀ եւ հայ ժողովրդի դեմ։ Այս առաջարկով նախ փորձում են կրկին Հայաստանին դնել այնպիսի դիրքում, պայմաններում, որ Հայաստանը մերժող կողմ լինի եւ, այսպես ասած, միջազգային հանրությունը դիտարկի, որ Հայաստանը ապակառուցողական է»։
Մյուս կողմից, ըստ Բեգլարյանի, իրենք այս առաջարկով փորձում են ձեւացնել, թե պատրաստ են համագործակցել, տվյալներ փոխանակել։ Բայց սա մյուս կողմից հնարավորություն է Հայաստանի համար, որ այս բոլոր հարցերը վերհանվեն, եւ Բաքվում գտնվող բոլոր գերիների, քաղաքական բանտարկյալների հարցերով ՀՀ-ն ավելի ակտիվ գործողություններ կատարի ու սա դարձնի նաեւ բանակցությունների թեմա։
«Սա նաեւ հնարավորություն է՝ քննարկել համակարտության ընթացքում՝ 1980-ականների վերջերից ի վեր այն բոլոր փոխադարձ մեղադրանքները, որոնք մենք ունենք, այդ թվում՝ ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՀՀ-ն պետք է քննարկի նաեւ Միջազգային քրեական դատարանի հետաքննության հարցերը եւ այս հարցում Ադրբեջանից ակնկալվող համագործայկցությունը։ Եթե ՀՀ-ն նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, եւ ադրբեջանական կողմն է ստիված լինելու մերժել, որովհետեւ իրենք պատրաստ չեն որեւէ հարցում համագործակցել»,- հավելեց Բեգլարյանը։
Ըստ Արտակ Բեգլարյանի՝ Հայաստանի իշխանությունները հնարավորություն ունեն ավելի հիմնավորված ու փաստերով ցույց տալ եւ Բաքվի բանտերում գտնվողների մեղքի բացակայությունը, եւ ադրբեջանցի զինվորականների կատարած հանցագործությունն ու դրանց հետաքննության անհրաժեշտությունը։