Արցախի բռնատեղահանումից հետո Երևան քաղաքում բացված “Ճարտար, եկ փունջդ տար”
ծաղկի սրահն այսօր մեկ տարեկան է։ 2023-ին տեղահանվելուց հետո Արցախի Ճարտար քաղաքի բնակիչ Խաչիկ Ավագյանը որոշել է զբաղվել սիրած գործով ու Երևանում ծաղկի սրահ բացել։ Ինչպես ինքն է ասում՝ սերը գեղեցիկի ու ծաղկի հանդեպ իր մեջ սերմանվել է դեռևս փոքր տարիքից։ Այդ է պատճառը, որ հետագայում որոշել է զբաղվել ծաղկի գործով։
Ավագյանները 2019-ին Ճարտարում ծաղկի մասնագիտացված սրահ են բացել ու սկսել ընտանեկան բիզնեսը։ Հետո Խաչիկն ընկերոջ հետ ջերմոցներ է կառուցել, որպեսզի վաճառեն իրենց աճեցրած ծաղիկները։ Անգամ շրջափակման օրերին էին ծաղիկներ մատակարարում և ուրախություն պարգևում հաճախորդներին։ Ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով․ 2023-ի պատերազմը գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ:
Սակայն արցախցի ընտանիքը կարողացավ ուժ հավաքել ու վերստին ստեղծել։ Սրահի բացման առաջին տարեդարձը նշում են ջերմ ու գեղեցիկ մթնոլորտում, իսկ ճաշակով զարդարված սրահն ու բուրումնավետ ծաղկեփնջերն ավելի տոնական են դարձնում օրը։
Քույրը՝ Լենան, որ նույնպես մասնակից է այդ բոլոր աշխատանքներին, ասում է․
-Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել ենք Արարատի մարզի Արբաթ գյուղում։ Ճարտարում թողել ենք մեր կյանքի ողջ վաստակը ու ամեն ինչ սկսել զրոյից։ Իհարկե, դժվար ենք հարմարվում, սակայն մենք սովոր ենք աշխատել ու կրկին ստեղծել։ Մեկ տարի է, ինչ Երևանում զբաղվում ենք ծաղկի բիզնեսով։ Անշուշտ, սկզբից հեշտ չէր, սակայն հետզհետե ամեն ինչ հունի մեջ ընկավ։ Նոր միջավայրում ձեռք բերեցինք բավականաչափ հաճախորդներ։
Մեզ համար ամենակարևորն այն է, որ կարողանում ենք մեր ծառայությունները գեղեցիկ ու կատարելագործված մատուցել և արդեն ունենք հավատարիմ հաճախորդներ, ովքեր Երևանի տարբեր տեղերից գալիս են, որ մեր ծաղիկներից օգտվեն։ Դա ուրախացնում, պարտավորեցնում և, իհարկե, ուժ է տալիս մեզ։ Մեր սրահն իր համ ու հոտով, յուրահատուկ բարբառով և ընդունելությամբ մի փոքրիկ Ճարտար է հիշեցնում, և այդ է պատճառը, որ արցախցի հաճախորդներ շատ ունենք։ Այստեղ արցախցիները վայելում են փոխադարձ ջերմություն ու սեր, որն այսօր շատ է հարկավոր բոլորիս։ Այնուհանդերձ, մենք երազում ենք տունդարձի մասին և չենք կորցնում հույսը, որ այդ երանելի օրը մի օր կգա։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: