“Կյանքը զրոյից ստեղծող ընտանիքներին տրամադրվող 50 հազար դրամը չի կարելի «փաթեթավորել որպես լավություն»

  • 19:28 26.12.2024

Step1.am-ի հարցերին պատասխանել է արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։

-Ֆինանսների նախարարն ասաց, որ արցացխիները ակտիվ չեն օգտվում ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից, քանի որ կառավարությունը սոցիալական աջակցության բավականին լավ փաթեթ է տալիս արցախցիներին։ Մարտից հետո, երբ աջակցությունը դադարի, ըստ նախարարի, այն ժամանակ մարդիկ ավելի ակտիվ կդիմեն՝ այդ ծրագրից օգտվելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, իրո՞ք, ամսական 50 հազար դրամ աջակցության պատճառո՞վ արցախցիները չեն ցանկանում բնակապահովման ծրագրի շահառու դառնալ։

-Բազմիցս անդրադարձ եմ կատարել ՀՀ կառավարության առաջարկած բնակապահովման ծրագրի անհամապատասխանելիությանը Արցախից տեղահանվածների իրական կարիքներին։ ՀՀ Ֆինանսների եւ ԱՍՀՆ նախարարները ու նախարարությունների ներկայացուցիչները չպիտի փորձեն ծրագրի անհաջողությունը փոխկապակցել կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությանը։ Նախ՝ այդ աջակցությունը շահառուների կողմից երբեւէ չի գնահատվել իբրեւ «լավ փաթեթ», հակառակը՝ դա միակ աջակցությունն է, որ գրեթե մեկ տարի տրամադրվում է տեղահանվածներին, այն էլ՝ բազմաթիվ տեխնիկական խոչընդոտներով, բացերով ու անբացատրելի պայմաններով։ Ամեն ինչ կորցրած, կյանքը զրոյից ստեղծող ընտանիքների մեկ անձին տրամադրվող 50 հազար դրամը չի կարելի «փաթեթավորել որպես լավություն» այն պարագայում, երբ նույն այդ կառավարությունն ունի մի շարք պարտավորություններ փախստականների նկատմամբ, այդ թվում՝ միջազգային իրավունքի շրջանակում։

-Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, կառավարությունն իր ձախողումը փորձում է բարդել արցախցիների վրա՞։ Խնդիրն այսպես խեղաթյուրելը ի՞նչ նպատակ ունի։

-Բնակապահովման ծրագրից չօգտվելու բազմաթիվ պատճառներ կան, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, եւ նախատեսվում է տվյալ ծրագրի վերանայում։ Գործադիրի ֆինանսական բլոկի ներկայացուցիչը, հավանաբար, իր անձնական կարծիքն է արտահայտել։

Ռոզա Հովհաննիսյան

f