Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը համոզված է, որ Փաշինյան միտումնավոր է նախաձեռնել այս շոուն, որը, նրա գնահատմամբ, կշարունակվի մի քանի ամիս՝ փորձելով շեղել քաղաքացիների ուշադրությունը։
Մամիջանյանը հիշեցրել է Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը 30 տարի բանակցել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին փոխանցելու շուրջ. «Այդ դեպքում ինչի՞ շուրջ էին այս ընթացքում բանակցում Հայաստանի երեք նախկին նախագահները, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները եւ նրանց ներկայացուցիչները։ Նրանք համոզում էին Ադրբեջանին, որ վերցնեն ԼՂ-ն, բայց Ադրբեջանը չհամաձայնեց եւ սպասեց, որ Փաշինյանն իշխանությա՞ն գա Հայաստանում»,- տարակուսել է պատգամավորը։
Ընդդիմադիրը նշել է, որ 2007թ. Մադրիդյան փաստաթղթերում ամրագրված էր, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը հավասարեցվում է տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքներին։ «Այս դեպքում ի՞նչ նպատակով է ընդունվել այս փաստաթուղթը։ Բացի այդ, ընդունվել է Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություն։ Ինչո՞ւ Ալիեւը Կազանում հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը, եթե խոսքը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին փոխանցելուն։ Ինքը՝ Փաշինյանը, այս փաստաթուղթն անվանել է ղարաբաղյան խնդրի լուծման լավագույն տարբերակը։ Ստացվում է, որ նրա համար ԼՂ-ն Ադրբեջանին հանձնելը լավագույն լուծումն է»,- ընդգծել է Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ 2019թ. Փաշինյանը, վկայակոչելով Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների հայտարարությունները, ասել է, որ Ալիեւն ընդունել է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Ալիեւն ինքն է ասել, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Անգամ 2020թ. պատերազմից հետո է նա ասել, որ ոչ մի փաստաթղթով Լաչինն ու Քելբաջարը չէին լինի Ադրբեջանի կազմում, քանի որ Լաչինի եւ Քելբաջարի կարգավիճակի փոփոխությունը փոխկապակցված էր հանրաքվեի արդյունքների հետ»,- նշել է նա։
Մամիջանյանը կրկնել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ կոչ անելով ՀՀ վարչապետին գաղտնազերծել բոլոր փաստաթղթերը, որոնց շուրջ բանակցություններ են տարվել։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: