Բաքուն հույս ունի, որ Մոսկվան կընդունի իր մեղքը Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման մեջ

  • 20:24 26.12.2024

DW

Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) Embraer 190 ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ռուսական «երկիր-օդ» հրթիռը։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 26-ին, հայտնում է Euronews առցանց հրատարակությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարության աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ հրթիռը արձակվել է 8432 չվերթի ուղղությամբ Գրոզնիի վրայով անօդաչու թռչող սարքերի թռիչքների ժամանակ, և դրա բեկորները հարվածել են ուղեւորներին ու անձնակազմի անդամներին՝ պայթելով ինքնաթիռի կողքին՝ թռիչքի կեսին։

Euronews-ի զրուցակիցները հայտնել են նաև, որ, չնայած օդաչուների՝ վթարային վայրէջք կատարելու խնդրանքին, խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում և հրամայվել է թռչել Կասպից ծովով դեպի Ակտաու։ Ստացված տվյալների համաձայն՝ օդանավի GPS նավիգացիոն համակարգերը խցանվել են ծովի վրայով թռիչքի ողջ ընթացքում։

Reuters-ը նաև հայտնել է, որ AZAL ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից՝ վկայակոչելով «հետաքննությանը ծանոթ Ադրբեջանում չորս աղբյուրներ»:

Իր հերթին, ադրբեջանական Caliber հրատարակությունը, վկայակոչելով նաև «կառավարական հավաստի աղբյուրները», գրում է, որ AZAL ինքնաթիռը խոցվել է Պանցիր հակաօդային պաշտպանության համակարգով, որն այդ օրը օգտագործվել է Գրոզնիի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու համար։ Ադրբեջանական կողմի համար «իրավիճակը բացարձակապես ակնհայտ է», գրում է Caliber-ը։

«Ոչ ոք չի պնդում, որ դա միտումնավոր է արվել։ Սակայն, հաշվի առնելով հաստատված փաստերը, Բաքուն ակնկալում է, որ ռուսական կողմը կընդունի, որ խոցել է ադրբեջանական ինքնաթիռը, պաշտոնական ներողություն կխնդրի ադրբեջանական ժողովրդից և կանցկացնի լիարժեք հետաքննություն, որի արդյունքում բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- եզրափակում է Caliber-ը:

f