Фанфан-Тюльпан՝ Ստեփանակերտից Երևան

  • 13:53 27.12.2024

Արցախցիները միշտ աչքի են ընկել իրենց տոկունությամբ և աշխատասիրությամբ։ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո, Արցախում թողնելով իրենց կյանքի լավագույն տարիները, ունեցվածքը և հարազատների ու ընկերների շիրիմները, մեր հայրենակիցներից շատերը ուժ են գտնում իրենց մեջ ապրելու և արարելու հայրենիքից հեռու։

Սոֆյա Մելքումյանը ծնվել է Ստեփանակերտում։ Նա մանկուց սեր ուներ ծաղիկների նկատմամբ, եւ 2017 թվականին որոշեց իրեն փորձել ծաղկավաճառության ոլորտում։

Համապատասխան վերապատրաստման դասընթացներ է անցել Երևանի Any Rose ընկերությունում, իսկ Արցախ վերադառնալուն պես Ստեփանակերտում բացել է Фанфан-Тюльпан ծաղկի խանութը։

Բիզնեսը արագ զարգացավ, և մի քանի ամիս անց նրան հաջողվեց բացել երկրորդ խանութը։

«Նույնիսկ ամենածանր օրերին՝ 44-րդ պատերազմի և շրջափակման ժամանակ, Фанфан-Тюльпан-ը չդադարեց աշխատել՝ փորձելով դրական էմոցիաներ հաղորդել բոլոր արցախցիներին։ Բարեգործություն ենք արել նաև 2020 և 2023 թվականների Արցախյան երկու պատերազմների ժամանակ՝ անվճար ծաղիկներ բաժանելով զոհվածների ընտանիքներին։ Անգամ շրջափակման ժամանակ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների օգնությամբ մեզ հաջողվում էր թարմ ծաղիկներ հասցնել Ստեփանակերտ։

Фанфан-Тюльпан-ը աշխատել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր։ Արցախից արտաքսվելուց որոշ ժամանակ անց որոշեցի վերսկսել իմ բիզնեսը Երևանում և այդ նպատակով վարկ վերցրեցի։ Առայժմ տանն եմ աշխատում, բայց շատ շուտով, որոշակի նախապատրաստական ​​միջոցառումներից հետո, բոլորի սիրելի Фанфан-Тюльпан -ը նորից կբացի իր դռները՝ արդեն Երևանի Խանջյան փողոց, 7 հասցեում”, Step1․am-ի հետ զրույցում ասաց Սոֆյան։ 

Արսեն Աղաջանյան

f