Դադարեք մեղադրել արցախցիներին և ընդունեք, որ ծրագրերն են ապուշ

  • 16:07 27.12.2024

ՀՀ կառավարությունն այսօր մեկ տարով երկարաձգել է արցախցիների բնակաապահովման ծրագրով դիմումների ներկայացման ժամկետը։

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ցինիկաբար հայտարարել էր, որ արցախցիները չեն դիմում կառավարության առաջարկած բնակապահովման ծրագրին, քանի որ իբր կառավարությունն արցախցիներին արդեն մեկ տարի է «լավ ֆինանսական փաթեթ» է առաջարկում, և նրանք մոտիվացիա չունեն դիմելու բնակարանի համար։

Կառավարության մեկ այլ անդամ՝ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտարարեց, որ արցախցիների զբաղվածության ծրագիրը չի գործում, քանի որ կառավարությունը ղարաբաղցիներին մեկ անձի համար վճարում է 50 հազար դրամ, եւ նրանք աշխատելու կարիք չունեն։

Ե՛վ բնակարանաշինության ծրագրին մասնակցելու, և՛ աշխատանքի անցնելու համար արցախցիները ստիպված են քաղաքացիություն ստանալ, ավելի քան 5000 ղարաբաղցի արդեն նոր անձնագիր է ստացել։ Սակայն ՆԳՆ-ն պնդում է, որ ղարաբաղցիները Հայաստանի քաղաքացիություն չեն ընդունում, քանի որ չեն ցանկանում ծառայել բանակում։

Արցախցիների տեղահանությունից հետո ՀՀ կառավարությունը նախ սկսեց 50 հազար դրամի ուղղակի ֆինանսական աջակցության ծրագիր, որը, առանց արցախցիների գրպանին դիպչելու, անմիջապես գաղթում է Երևանում և այլ բնակավայրերում ահռելի գներով վարձավ տներ տվողներին։ Բայց այս ծրագիրն առնվազն օգնում է արցախցիներին տանիք ունենալ։

Կան եւս մի շարք հաջողված ծրագրեր՝ արցախցի ուսանողների վճարների փոխհատուցում, մի շարք բժշկական ծառայությունների անվճար տրամադրում և այլն։

Բայց հետո կառավարությունը որոշեց մշակել երկու ծրագիր՝ բնակապահովման և զբաղվածություն, որոնք ի սկզբանե դատապարտված էին ձախողման։ Այս ծրագրերի պայմանները կասկածների տեղիք են տալիս, որ դրանք մշակվել են հակառակ նպատակով՝ ոչ մի դեպքում թույլ չտալ արցախցիներին աշխատել և բնակարան ձեռք բերել։

Հիմա, երբ միայն ծույլը չի խոսում այդ ծրագրերի ձախողման մասին, նախարարները համարձակություն չունեն խոստովանել, որ իրենք մշակել են ապուշ ծրագրեր, որոնք ակնհայտորեն անընդունելի են ու դատապարտված ձախողման։

Արցախցիները չեն դիմում բնակարանաշինության կամ զբաղվածության ծրագրին ոչ այն պատճառով, որ սիրում են պարապուրդի մատնվել, ապրել ուրիշների տներում և քաղաքացիություն չունենալ։ Նրանք չեն դիմում, քանի որ «բնակարանային» ծրագիրը չի ապահովում բնակարանով, իսկ “զբաղվածության” ծրագիրը չի ապահովում աշխատանքով։ Սրանք ոչ թե աջակցության, այլ խոչընդոտնելու ծրագրեր են։

Բնակարանի համար տրամադրված գումարը չի բավականացնի թեկուզ մեկ սենյակ գնելու համար, իսկ հավելյալ միջոցներ ձեռք բերելու տեղ չկա. արցախցիներին որակյալ աշխատանքի չեն ընդունում և հիփոթեքային վարկեր չեն տրամադրում։ Իսկ քաղաքացիություն են վերցնում հիմնականում նրանք, ովքեր գնում են ծառայելու բանակում և ԱԱԾ-ում։

Տեղեկություններ կան, որ բնակապահովման աջակցության ծրագիրը վերանայվելու է, թեև այնտեղ վերանայելու բան չկա՝ պետք է անմիջապես չեղարկել և, խորհրդակցելով արցախցիների հետ՝ մշակել նորմալ ծրագիր, որն ուղղված կլինի խնդիրների լուծմանը, այլ ոչ թե դրանց ստեղծմանը։

Նաիրա Հայրումյան

f