“Ձմեռ Պապիկն այցելում է բոլորին” նախաձեռնության շնորհիվ այսօր ավելի քան 200 արցախցի երեխա հետաքրքիր և հագեցած օր ունեցավ։ Իսկ այդ հաճելի պահերը նրանց պարգևեցին հայաստանյան մեր բարեկամները՝ բոլորիս քաջածանոթ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։
“Ձմեռ Պապիկն այցելում է բոլորին>> նախաձեռնությունը սկիզբ է առել դեռևս 2004 թվականին և շարունակում է ուրախություն ու բերկրանք պարգևել Հայաստանի, այդ թվում և Արցախի երեխաներին շուրջ 20 տարի։ Տարիներ շարունակ այս նախաձեռնությունը միավորում է սրտացավ մարդկանց, ովքեր ունեն միայն մեկ ցանկություն՝ փոխանցել սեր, ջերմություն ու քաջալերանք այն երեխաներին, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը։ 2023-ին՝ Արցախի բռնատեղահանությունից հետո, մեր երեխաները զգացին այդ հոգատարությունն ու սերը և համոզվեցին, որ Մայր Հայաստանում մենակ ու անօգնական չեն։
Այս տարի ևս նրանց համար հաճելի միջոցառումներ կազմակերպվեցին։ Երեխաները, բաժանվելով երկու խմբի, հնարավորություն ունեցան դիտել “Նոր տարվա կինո” ֆիլմը, որից հետո նրանց համար կազմակերպվեց փոքրիկ հյուրասիրություն ու նրանք ստացան ամանորյա նվերներ։ Միաժամանակ, երեխաները հնարավորություն ունեցան շփվել իրար հետ, անցած օրերի կարոտն առնել ու տրվել հիշողություններին։ Ժամանակ ունեցան կիսվելու իրենց հաջողություններով և հետագա ծրագրերով։
Միջոցառման կազմակերպիչ Սամվել Մովսիսյանը շնորհավորեց երեխաներին գալիք տոների առթիվ, մաղթեց խաղաղ երկինք՝ պատգամելով լավ սովորել, միշտ ձգտել հասնել ավելիին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ