Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մեղադրանքն այսօր փոխվել է։ Տեղեկությունն իր
ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ծանրացնող հանգամանքներով խարդախության» աբսուրդ մեղադրանքը (ծանր հանցակազմ) փոխվել է «ինքնիրավչության» նույնքան աբսուրդ մեղադրանքի (ոչ մեծ ծանրության հանցակազմ)»,–գրել է Մելիքյանը:
Նա նշել է, որ միաժամանակ ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։
Փաստաբանը նշել է, որ չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս չգալու խափանման միջոցը, և շուտով գործը կուղարկվի դատարան։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մայիսի 27-ին 20 օրով կալանավորվեց, նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։ Հունիսի 13-ին նրա նկատմամբ 2 ամսով տնային կալանք կիրառվեց։