Արցախյան կազմակերպությունները որոշեցին ստեղծել հանձնաժողով

  • 17:54 28.12.2024

Արցախի հասարակական կազմակերպություններն այսօր «Հանուն Արցախի» խորագրով համաժողով էին կազմակերպել։ Համաժողովի արդյունքներով որոշվեց ստեղծել հանձնաժողով՝ տարբեր ուղղություններով աշխատանք իրականացնելու եւ առաջարկություններ ներկայացնելու համար։

Բոլոր հարցերն ու ձեւակերպումները դեռ քննարկման ենթակա են, թեկուզ սկզբից նախանշվել են մի քանի նպատակ․։

  1. Վերադարձ Արցախի եւ արցախցիների իրավունքների ճանաչում իրենց պատմական հայրենիքում։
  2. Լեռնային Ղարաբաղի փախստականների սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում։
  3. Ադրբեջանի իշխող ռեժիմին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Քննարկման ժամանակ հնչել են բազմաթիվ առաջարկներ, որոնք դեռ կուսումնասիրվեն։ Ի մի բերելով բոլորի կարծիքները, կընդունվեն որոշումներ։ 

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն, որը մասնակիցների թվում էր, առաջարկեց․ «Վերադարձից հետո պետք է հստակ ամրագրվի ոչ միայն Արցախի ժողվորդի իրավունքների ճանաչում իր պատմական հայրենիքում, այլ նաեւ ճանաչում ու ապահովում»։ Ըստ Բեգլարյանի՝ Արցախի փախստականների սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում պետք է ապահովել, այլ նաեւ միջազգային հարթակներում։ «Այս համաժողովը պետք է զբաղվի նաեւ միջազգային հարթակներում մեր ձայնը բարձրացնելով»,- հավելեց նա։ Ըստ Բեգլարյանի՝ որպես առանձին ու կարեւոր նպատակ պետք է ձեւակերպվի նաեւ ադրբեջանական բռնազավթման ներքո գտնվող Արցախի ժողովդի մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը։

Անդրադառնալով Ադրբեջանի իշխող ռեժիմին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Արտակ Բեգլարյանն ասաց․ իմ առաջարկի բովանդակությունը մոտավորապես այսպես պետք է լինի՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների մեղավորներին անհատական ու ինստիտուցիոնալ պատասխանատվության ենթարկելը։ Խոսքը վերաբերում է եւ միջազգային պատասխանատվության մասին, միգուցե ոմանց բերեն Հայաստան, Հայաստանում դատեն եւ այլն»։

Ռոզա Հովհաննիսյան

f