Այսքան տարի անց դեռ լույս ես ճառագում, տիկին Ադելա

  • 12:42 29.12.2024

Гегам Багдасарян-ը գրում է․

Ադելայի մասին է խոսքը՝ Արշալույս Սարգսյանի մասին: Իմ մորական գյուղից էր նա՝ Արցախի Մարտունու շրջանի Պառավաթումբ գյուղից: Լավ ճանաչում էի նաև հորը՝ կուսակցական գործիչ և լրագրող Վանյա Սարգսյանին: Վերջինիս հետ հաճախակի եմ շփվել, երբ աշխատում էի «Սովետական Ղարաբաղ» մարզային թերթի խմբագրությունում, իսկ նա էլ թղթակցում էր թերթին:
Հարևան Կաղարծի գյուղի միջնակարգ դպրոցն ու Շուշիի մանկավարժական ուսումնարանը, ապա և Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո Ադելան աշխատել է Մարտունու շրջանի Հաղորտի գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև 1960-ականների կեսերին տեղափոխվել է Աբովյան քաղաք, աշխատել տեղի դպրոցներում, իսկ ուսումնական կոմբինատում էլ կիրառական արվեստի բաժնի վարիչ է եղել:
Թեև ապրում էր Աբովյանում, բայց պարբերաբար գալիս ու շրջում էր Արցախի գյուղերում, լուսանկարում ու ցուցակագրում գորգեր ու կարպետներ, կանացի զարդեր ու տարազներ: Դրանց մասին հաճախ է գրել հայկական մամուլում: Ինքն էլ ասեղնագործում էր, մի քանի ցուցահանդես է ունեցել, որտեղ ցուցադրել է իր ասեղնագործ ու հելունագործ աշխատանքները: Հեղինակել է «Արցախի ժանյակներ» և «Արցախի տարազը» գիրք-ալբոմները: Պատրաստել է ևս մի գիրք-ալբոմ՝ Արցախի, Սյունիքի և Գանձակի տարազների մասին, վստահ լինելով, որ դրանք միասնական մի տարազաձևի ուրույն տարբերակներ են: Չգիտեմ էլ՝ ի վերջո լույս տեսա՞վ այդ գիրքը, թե՞ ոչ:
Այսքանով հանդերձ բանաստեղծություններ էր գրում ու երգեր հորինում: Դրան գումարած՝ զուտ մարդկային-կանացի հմայքը, անսահման բարությունն ու մեծ հոգին: Մի խոսքով՝ Աստված առատաձեռն է եղել նրա նկատմամբ:
Ու մեկ էլ հանկարծ անհետանում է մեր կյանքից…Կարծես մարդը չի էլ եղել… Ախր, ինչպե՞ս կարող է այդպես լինել…Այս ամբողջ ընթացքում փորձել եմ ինչ-որ բան իմանալ նրա կյանքի վերջին տարիների մասին, մի քանի անգամ տարբեր առիթներով այցելել եմ Աբովյանի գերեզմանատուն, բայց չեմ գտել նրա շիրիմը:
Ու այս ամբողջ ընթացքում սրբությամբ պահում եմ նրա նվերը՝ ոսկեշող երազի մաղթանքով ձեռագործ կտավը: Գտել եմ նաև նրա մի լուսանկար: Իսկ գործընկերս՝ Նաիրա Հայրումյանն էլ ուղարկել է Ադելայի գրքերից մեկի շապիկի լուսանկարը: Սիրով կիսում եմ դրանք ձեզ հետ և խնդրում՝ եթե որևէ մեկը ուշագրավ տեղեկություններ ունի Ադելայի վերաբերյալ, ապա թող գրի այդ մասին: Որպեսզի միասին վերհիշենք լուսավոր մարդուն…
Հիշում, հարգում ու սիրում ենք, Ադելա…
f