Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը։ Նա այս պաշտոնում ընտրվել է երկու շաբաթ առաջ 300 հոգանոց ընտրական հանձնաժողովի կողմից, որտեղ ձայների մեծամասնությունն ուներ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Կավելաշվիլին Վրաստանի նախագահ չի ճանաչվել նրա նախորդ Սալոմե Զուրաբիշվիլիի, ընդդիմության և «միջազգային գործընկերների զգալի մասի» կողմից։ Մասնավորապես, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները խոստացել են Զուրաբիշվիլիին համարել երկրի օրինական ղեկավար նույնիսկ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել «ֆիզիկապես պաշտպանել» նրան Օրբելիանի պալատում (Թբիլիսիի նախագահական նստավայր):
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սակայն համաձայնել է լքել նախագահական պալատը կիրակի օրը՝ դեկտեմբերի 29-ին, այն բանից հետո, երբ երկրի նոր ղեկավար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին ստանձնել է պաշտոնը։
«Ես հեռանում եմ այստեղից և ինձ հետ տանում եմ լեգիտիմությունը: Ոչինչ չի փոխվի՝ ես բնակության վայրում եմ, թե ոչ։ Նախագահական այս նստավայրը նախագահի այստեղ գտնվելու ժամանակ խորհրդանիշ էր, ինչը օրինական էր։ Ես մնում եմ Վրաստանի միակ լեգիտիմ նախագահը»,- Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերն են մեջբերում վրացական լրատվամիջոցները և Telegram ալիքները։ Ինչպես հայտնում է Թբիլիսիում DW-ի թղթակիցը, դիմելով իր կողմնակիցներին, որոնք առավոտյան հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ, նա քննադատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որը «երկիրը հասցրեց լիակատար ճգնաժամի»։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: