«Ալիսա» գեղեցկութան սրահ՝  հայրենիքում ապրելու որոշում

  • 19:00 30.12.2024

Արամ Խաչատրյան 7/15 (Կոմիտաս) հասցեում գտնվող գեղեցկության սրահը յուրօրինակ արցախյան անկյուն է արդեն 6 ամիս։ Ալիսա Սատոնինան/ամուսնու ազգանունն է/, ում շատերն են ճանաչում Արցախում, Երեւանում բացել է իր գեղեցկության սրահը՝ իր շուրջ համախմբելով արցախցի կանանց։

«Երկար տարիներ աշխատել եմ մանկական հիվանդանոցում, Ստեփանակերտում համատեղել եմ իմ երկու աշխատանքները։ Երբ տեղահանվեցինք, որոշեցի իմ երկրորդ մասնագիտությունը՝ կոսմետոլոգիան դարձնել  մշտական աշխատանք, քանի որ այն եւս բժշկություն է, եւ ունենալ սեփական անկյուն»,- ասում է Ալիսան, ով այսօր ոչ միայն իր համար է զբաղվածություն ստեղծել, այլեւ իր մոտ հիմա աշխատում են 6 արցախցի կանայք։

Մատնահարդարում, դիմահարդարում, վարսահարդարում եւ մի քանի այլ ծառայություններ են գործում։

Աշխատող կանանցից ոմանք այստեղ են նոր մասնագիտություն սովորել, որոշներն էլ Արցախում աշխատում էին։

«Դժվար ժամանակներ ենք ապրում, մարդիկ դեռ չեն կողմնորոշվել, ինչպես եւ որտեղ հաստատվել։ Դրա համար հաճախ մենք էլ ենք տարբեր դժվարությունների հանդիպում։ 2 անգամ որոշել եմ  փակել սրահը։ Անսպասելի էր, որ Արցախում բավականին հաճախորդներ ունենալուց հետո այստեղ քիչ կլինեն հաճախորդները։ Անսպասելի էր, որ ամուսինս հորդորեց չփակել, փորձել նոր հաճախորդներ գտնել»,- ասում է Ալիսան, ով մի քանի անգամ կոլեկտիվ է փոխել, ամեն անգամ հուսալով, որ անձնակազմի փոփոխությունը նաեւ իր հետ հաճախորդների թվի փոփոխություն կբերի։

Պարբերաբար հանդիպելով խնդիրների, երբեք չի մտածել, որ փոքրիկ անհաջողությունները կարող են ոլորտից հիասթափման կամ երկիրը լքելու պատճառ դառնալ։

«18 տարի ես երկրից դուրս էի, դրա համար ես նախընտրում եմ Հայաստանում ապրել, իմ շուրջը համախմբելով այլ արցախցիների։ Կարծում եմ ՝ վաղ թե ուշ մեր ամբողջական ինտեգրումը պիտի տեղի ունենա”,- ասում է Ալիսան։

Ալիսան վստահ է, որ այս ոլորտում իրար օգնելը սրահի գլխավոր չգրված օրենքներից պետք է լինի, իսկ իր սրահում ամենակարեւորը համախմբվածությունն է՝ հարազատաբար իրար վերաբերվելն ու միասին լավ օրվա՝ կայուն աշխատանքի, շատ հաճախորդներին սպասելը։

Ֆինանսական խնդիրներ հաճախ են լինում, դրա համար մտածում է նաեւ պետական սոցիալական ծրագրերից օգտվի, որոնք նախատեսված են գործատուների եւ աշխատողների համար։

Արցախից բռնի հետաղանությունից հետո շատ խնդիրների է բախվել, բայց վստահ է, որ գործուն, խիզախ կանայք իվիճակի են հաղթահարել խնդիրներ, այլ հնար չկա հայրենիքի այս հատվածում արմատներ գցելու համար։

Մարիամ Սարգսյան

f