Իգոր Մուրադյանին, ով դեռ 2008-ին գրում էր, որ Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա, շատերը անվանում էին «ոչ ադեկվատ»: Նա ասում էր, որ Ուկրաինան պետք է հրաժարվի իր «ժանգոտ գոտուց»՝ Դոնբասից, հակառակ դեպքում Ռուսաստանը կջարդի և կկործանի երկիրը։ Քչերին է հայտնի, որ Իգոր Մուրադյանը ծնվել է Օդեսայում, եղել է Ուկրաինայի պատվավոր քաղաքացի, պարգեւատրվել է Բոգդան Խմելնիցկու շքանշանով։
Իրականությունը ավելի դաժան է, քան Իգոր Մուրադյանի անհեթեթ թվացող կանխատեսումները իր երկու հայրենիքների մասին՝ Ուկրաինայի եւ Արցախի. 2024 թվականի վերջին օրը Ռուսաստանը դեռ ռմբակոծում է Ուկրաինան, իսկ ռուսական օդանավակայանները փակ են Ուկրաինայից անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Արցախի մասին էլ Հայաստանում նույնիսկ խոսելն է արգելված։
Շոստկա քաղաքում այդ գիշեր ռուսների կողմից իրականացված հրթիռային հարվածների արդյունքում տուժել է 12 բնակելի բարձրահարկ շենք, երկու ուսումնական հաստատություն, ավերվել են որոշ ենթակառուցվածքներ։
Կիևի ռազմական վարչակազմը հայտնում է, որ ռուսական հրթիռային հարվածը հետ մղելիս մայրաքաղաքի հարավ-արևելքում գտնվող առանձնատան վրա հրթիռի բեկորներ են ընկել։
Ուկրաինական մոնիտորինգային ալիքները հաղորդում են ռուսների կողմից արձակված թեւավոր և բալիստիկ հրթիռների մասին և պայթյունների մասին Կիևի շրջանում, Կիևի մարզի Վասիլկովոյում, Սումիի շրջանի Շոստկայում և այլ վայրերում:
Բացի այդ, տեղեկություններ կան ՄիԳ-31 ինքնաթիռներից «Կինժալ» աերոբալիստական հրթիռների արձակման մասին։ Հաղորդվում է, որ օդում են ռուսական վեց ռազմավարական ռմբակոծիչներ։
Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավարը հայտարարել է տեղի օդանավակայանի փակման և Վլադիկավկազի մոտ խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքի մասին։
Վաղ առավոտյան օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել է Կազանի օդանավակայանի փակման մասին։ Գիշերը խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մասին պաշտպանության նախարարության զեկույցում ոչինչ չի ասվում Թաթարստանի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ երեքշաբթի գիշերը ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք է խոցվել Ռուսաստանի յոթ շրջաններում և բռնակցված Ղրիմում։
Սմոլենսկի մարզում անօդաչու սարքերը հարվածել են նավթի պահեստին, և այնտեղ հրդեհ է բռնկվել։
Ղրիմում օդային և ծովային անօդաչու սարքերը գրոհել են Սևաստոպոլի տարածքը. հետեւանքների մասին տեղեկություններ չկան։
Կրասնոդարի երկրամասի վերաբերյալ ռուսական մոնիթորինգային ալիքները հաղորդել են պայթյունների մասին Տուապսեի և Նովոռոսիյսկի շրջաններում, այսինքն՝ Սև ծովի ափին, ինչպես նաև Ազովի ծովի ափին գտնվող Յեյսկի շրջանում։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: